Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Նորմալ չեք կարողանում աշխատել, իշխանությունը տվեք մեզ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2014 15:55

«Մենք զիջում ենք մեր ինքնիշխանության մեկ երրորդը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում նման մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հիշեցրեց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքական մեծամասնությունը ընտրվել են եվրաինտեգրման ֆոնի վրա: Պարոն Բագրատյանը զգուշացնում է, որ «մենք սրանից հետո ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն չենք վարելու»:

Դեմ լինելով ԵՏՄ պայմանագրին` պարոն Բագրատյանն ասաց, թե այնուամենայնիվ այդ փաստաթղթի մասին մասնագիտական կարծիք կհայտնի ու մանրամասնեց. «Մենք ԱՀԿ անդամ ենք և մտնելով ԵՏՄ մենք քայքայում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության պայմանագիրը»: Պարոն Բագրատյանը մտահոգություն հայտնեց, թե միշտ էլ բանակցելիս ինչ-որ բան են փոխանցում, իսկ մենք ի՞նչ ենք արել: Այս համատեքստում նա ներկայացրեց, թե ինչպես են ԵՏՄ անդամ երկրների տնտեսական աճի ցուցանիշները վերջին տարիներին անկում ապրել, ներդրումները` ևս, մինչդեռ աշխարհում` տնտեսական անկման մասին իշխանության վստահեցումները հերքելով` ներկայացրեց ցուցանիշներ, որոնք վկայում են, որ տնտեսական աճ է գրանցվել աշխարհում:

Այն հիմնավորումներին, թե ստիպված էինք մուտք գործել ԵՏՄ, Հրանտ Բագրատյանն ի պատասխան ասաց. «Եթե ստիպված էինք գնալու սրան, ապա գոնե նորմալ բանակցեիք: Նավթն ամբողջ աշխարհում էժանացել է, ՀՀ-ն էլ նավթ ներկրող է, բայց մենք չենք զգում դա: Կամ մեր գազի պայմանագրի հիմքը այնպիսին է, որ ստացվել է իրավիճակ, երբ Ուկրաինան հաստատում է գազի գինը, որը ՀՀ-ից ավելի էժան է: Կարգին աշխատեք, մի տվեք մոնոպոլիաները: Ի՞նչ է` ռուսներին չի՞ կարելի ասել չէ: Ասում եք ռուսին կնեղացնենք, կընկնենք թուրքերի ձեռքը, կկորցնենք պետականությունը, այսինքն`եկեք ստորագրենք, այստեղ կորցնե՞նք: Նորմալ աշխատեք: Եթե չեք կարողանում, իշխանությունը, կառավարությունը տվեք մեզ»:

Ելույթից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դիմելով Գալուստ Սահակյանին ու Էդուարդ Շարմազանովին, արձագանքեց. «Հիշեցնեմ` այն, ինչ ինքը ուզում է, տվողը դուք չեք, ժողովուրդն է, ժողովուրդն էլ որոշել է` ում է տալու»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031