Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիբիայից ժամանած բեռնատար ինքնաթիռին չեն թույլատրել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, այն իջել է Գյումրիում

Դեկտեմբեր 03,2014 14:55

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Լիբիայից Հայաստան ժամանող բեռնատար ինքնաթիռին չեն թույլատրել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդակայանում՝ էբոլայով չվարակվելու վախից, վերջինս էլ վայրէջք է կատարել Գյումրու «Շիրակ» օդակայանում: Այստեղ էլ անձնակազմին բժշկական ստուգման են ենթարկել:

Մենք այս տեղեկությունները փորձեցինք ճշտել «Շիրակ» օդակայանի գործադիր տնօրեն Սեյրան Չուխաջյանից: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Լիբիայից ժամանող ինքնաթիռը Գյումրիում է վայրէջք կատարել, չե՞ն թույլատրել Երևանում իջնի, նա ասաց. «Իրենք են ուղղակի ցանկություն հայտնել Գյումրիում վայրէջք կատարել»:

Իսկ ի՞նչ գործ ունեին Գյումրիում, ի՞նչ էին տեղափոխում Գյումրի, որ ցանկություն են հայտնել հենց այս քաղաքում վայրէջք կատարելու, մեր այս հարցին ի պատասխան պարոն Չուխաջյանը տեղեկացրեց, որ դատարկ ինքնաթիռ է եղել, և որ նրանք պայմանագրի համաձայն, կարող են վայրէջք կատարել նաև Գյումրու օդակայանում:

Իսկ թե ինչո՞ւ են նրանց բժշկական հետազոտման ենթարկել, այս թեմայի շուրջ զրուցեցինք «Շիրակ» օդանավակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետի պետ Վահե Անդրեյանի հետ: Նա փոխանցեց, որ 7 հոգուց բաղկացած անձնակազմին բժշկական հետազոտման են ենթարկել հենց ինքնաթիռի մեջ, քանի որ վերջիններս եկել էին Աֆրիկայից: Ճիշտ է, ըստ նրա, Լիբիայում էբոլան տարածում չունի, ամեն դեպքում ապահովության համար հետազոտել են: «Լավ զննել էր պետք», -ասաց հսկիչ պետը, որի գլխավորությամբ հետազոտությունը իրականացրել են Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի համաճարակաբան Արմինե Անդրեյանը օդանավակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետի աշխատակցի հետ:

«7 հոգու հետազոտել են, սակայն կասկածներ չեն եղել», -փոխանցեց Վահե Անդրեյանը: Այդուհանդերձ, նա ասաց, որ վերջիններս հսկողության տակ են, պոլիկլինիկաներից մեկում նրանց ջերմություն են չափում: Եթե չկան կասկածներ էբոլայի, ինչո՞ւ են ջերմություն չափում, հսկողության տակ վերցնում, հարցրեցինք մենք: «Մենք մեր ֆունկցիան իրականացրել ենք, անուն-ազգանունները գրանցել ենք, հետազոտել, մնացածը մարզային կենտրոնի խնդիրն է, թեև եթե ինձ լսեին, դրա անհրաժեշտությունը չկար»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ բեռնատար ինքնաթիռի անձնակազմը մի քանի օր մնալու է Գյումրիում, իր տեղեկություններով բեռ պետք է տանեն Հայաստանից և մի քանի օր պիտի սպասեն մինչև իրենց պատվերը կատարվի:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ փոխանցեց, որ տեղյակ է այս ամենից, գիտի, որ Լիբիայից ժամանած ինքնաթիռի անձնակազմին հետազոտել են, սակայն տեղյակ է, որ ոչ մի բան չեն հայտնաբերել: Այդուհանդերձ , ըստ նրա, ջերմաչափումը, հետազոտությունը շարունակվում է՝ կասկածները իսպառ փարատելու նպատակով:

Շիրակի մարզի առողջապահական տեսչության պետ Կարինե Թաիրյանն էլ փոխանցեց, որ նրանք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հսկողության տակ են, սակայն իրեն ևս հաղորդում են տալիս սանիտարական կետերից: Ինքը տեղյակ է, որ ինքնաթիռի անձնակազմը գտնվում է «Վանատուր» հյուրանոցում, ի դեպ հյուրանոցը պատկանում է «Շիրակ» օդակայանի գործադիր տնօրեն Սեյրան Չուխաջյանին, և հսկողության տակ է, ջերմաչափումներ են իրականացնում:

Մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ էր առաքում բեռնատար ինքնաթիռը Հայաստան կամ ի՞նչ է պատրաստվում տանել մեր երկրից: «Զվարթնոց» միջազգային օդակայանից մեզ խորհուրդ տվեցին այս հարցերը ճշտել հենց ավիաընկերությունից, քանի որ այն Հայաստանում գրանցված ավիաընկերություն է, և հենց իրենք են ցանկություն հայտնել ու թույլտվություն ստացել վայրէջք կատարել Գյումրիում: Իսկ թե խոսքը ո՞ր ավիաընկերության մասին է, մեզ չտեղեկացրեցին: Մենք ճշտեցինք, որ խոսքը «Վետերան Ավիա» ընկերության մասին է, որ անձնակազմից 3- հոգին Ռուսաստանի Դաշնությունից են, մեկը՝ Ուկրաինայից է, մյուսները՝ Էստոնիայից: Նրանք մի քանի օր մնալու են Հայաստանում, քանի որ սպասում են ցուցումների իրենց ղեկավարությունից:

Իսկ որ մայրաքաղաքում արգելել են նրանց վայրէջք կատարել, դա փաստ է, Գյումրիում նրանց վայրէջքը եղել է արտապլանային:

Այս մասին ընթերցեք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031