Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային իրազեկումը կարող է նվազեցնել աղետների ռիսկերը

Դեկտեմբեր 03,2014 14:52

Սպիտակի աղետալի երկրաշարժի 26-րդ տարելիցին ընդառաջ՝ այսօր Երեւանում մեկնարկեց «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագիրը կրող համաժողովը, որի հիմնական նպատակն է ներկայացնել աշխարհի լավագույն փորձը՝ հանրային իրազեկման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության լրատվության և լրագրողների հետ աշխատանքի ոլորտներում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության հետ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը համաժողովի բացմանը նշեց, որ աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքներն ակտիվացել են ամբողջ աշխարհում. «Աղետները շատանում են, հզոր երկրները մեծ ֆինանսական կորուստներ են կրում, իսկ զարգացող երկրները, քանի որ չեն կարողանում ներդրումներ անել, մարդկային կյանքով են հատուցում»:

Նախարարի խոսքով՝  Սպիտակի երկրաշարժն ամբողջությամբ ավերեց մեր երկրի հյուսիսը. «Սպիտակի երկրաշարժը ամենաուսումնասիրված երկրաշարժերից մեկն է, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք, տասնյակ հազարները դարձան հաշմանդամներ, հարյուր հազարավորները դարձան անօթեւան եւ երկիրը կրեց մեծ կորուստներ: Սպիտակի երկրաշարժից հետո, այն միջազգային կազմակերպությունները, որոնց հետ այսօր աշխատում ենք, մի քանի տասնյակ են եւ այս համագործակցությունը շարունակվելու է»:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական հանձնակատար Բրեդլի Բուզետոյի խոսքով էլ արդեն ժամանակն է միջոցներ ձեռնարկել աղետների ռիսկի նվազեցման գործում, իսկ հանրային իրազեկումը դրա լավագույն միջոցներից մեկն է. «Նախորդ երկու տասնամյակների ընթացքում աղետները իրենց հետեւանքներն են թողել մոտ 4 միլիոն մարդկանց վրա՝ պատճառելով 2 տրիլիոն դոլարի վնաս»: Բրեդլի Բուզետոն վստահ է, որ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում աղետների ռիսկերի նվազեցումը ազգային անվտանգության ամենակարեւոր մասն է կազմում:

ՀԳԾ համակարգող, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն էլ իր խոսքում կարեւորելով հանրային իրազեկության դերը աղետների ռիսկերի նվազեցման հարցում, նշեց, որ խորհրդային տարիներին ամեն ինչ ծածուկ էր արվում. «Մեզ մոտ ծանր հետեւանքներով պատահարներ տեղի չէին ունենում, մենք զբաղված էին երջանիկ ու ստեղծագործ աշխատանքով: Այդ իսկ պատճառով Խորհրդային միությունը իր բնակչության անվտանգության համար սպառնալիք չէր դիտարկում բնական եւ տեխնածին վթարները: Եթե Չեռնոբիլի անտեսանելի շոշափուկները չտարածվեր Սովետից դուրս, ապա ոչ ոք դրա մասին չէր իմանա»: Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ Խորհրդային Միությունը ցանկանում էր «պարտակել» նաեւ Սպիտակի երկրաշարժը, սակայն այդ ժամանակ մեծ դեր խաղացին Միացյալ ազգերի կազմակերպությունը, հայկական սփյուռքը:

Դեկտեմբերի 3-ին եւ 4-ին տեղի ունեցող այս համաժողովին նաեւ ձևավորվելու է 2015 թ. մարտին Սենդայում կայանալիք ԱՌՆ երրորդ համաշխարհային կոնֆերանսին ներկայացվելիք ԱԻ հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթը։

Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, խոշոր ձեռնարկությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների լրատվության պատասխանատուներ, լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ, բլոգերներ և լրագրողներ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031