ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը թեժ քննարկումների ալիք է բարձրացրել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը իր մտահոգությունները հայտնեց այս պայմանագրի ստորագրման հետ կապված ու շեշտեց. «Միակ հակափաստարկը, որ բերվում է, անվտանգությունն է, բայց դրա միակ բաղադրիչը ռազմականն է: Սին են այն բոլոր հայտարարությունները էներգետիկ անվտանգության մասին: Ի՞նչ էներգետիկ անվտանգություն, եթե քո էներգետիկայի հարյուր տոկոսը տվել ես, երբ այդ երկիրը սանկցիաների տակ ճկռում է, ի՞նչ բիզնես լավ մթնոլորտ, երբ գահավիժում է ռուբլին` հետը տանելով դրամը»: Շարունակելով ԵՏՄ տխուր ապագայի մասին իր փաստարկները` պարոն Արզումանյանը նշեց նաև այն, որ այդ միությունը դեռ չստեղծված փլուզման նշաններ է ցուցադրում: Ամփոփելով պարոն Արզումանյանն ասաց. «Այսօր ազատության և ստորակայության ընտրություն ենք կատարում: Պատմության ընթացքում չենք տեսել, որ որևէ ժողովրդի տանեն նեղության՝ ազատությունից հրաժարվելու համար, սա աբսուրդ է: Ազատությունը պայմանագրերով և օրենքներով ձեռք չես բերում, ազատության ոգին մեր ժողովրդի սրտերում է, որը 1988-ին է ծնվել: Այսօր քվեարկելով այս պայմանագրի օգտին՝ մենք սպանում ենք մեր սրտերում ազատության ոգին: Ազատությունն իր սրտում չկրող ժողովուրդը չի կարող անկախ լինել: Այս առումով պնդում եմ, որ դեմ եմ քվեարկելու»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով: Նա նշեց ԵՏՄ-ի «պլյուսներն» ու «մինուսները»: «Պլյուսների» մեջ կրկին շեշտեց 170 միլիոնանոց շուկայի հեռանկարը, որ ՀՀ-ն հնարավորություն է ունենում սպառել գազ սահմանին 189 դոլարով, այլընտրանքը կլիներ` 400-500 դոլարով, որ 720 առաջին անհրաժեշտության ապրանքներ հինգ տարի չեն թանկանալու»: Դառնալով անվտանգության մասին մտահոգություններին` Էդուարդ Շարմազանովը նշեց. «ՌԴ-ն մեզ վաճառում է զենք ու զինամթերք ՌԴ գործարանային գներով: Մի պետության համար, որի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, կա՞ այլ տարբերակ, եթե գիտեք` ասեք»: Ինքնիշխանության կորստի մասին մտահոգություններին ի պատասխան՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Այն պետությունը, ժողովուրդը, որը ազատությունը մի կողմ է դնում, արժանի չէ ոչ ազատության և ոչ անվտանգության: Բայց մենք ազատությունն ու անկախությունը սրբորեն պահում ենք: Ինքնիշխանության կորստի` ձեր ներկայացրած տրամաբանությամբ ՆԱՏՕ-ի, Եվրամիության բոլոր անդամ երկրները ինքնիշխանության կորուստ ունեն»:
Նիկոլ Փաշինյանի` Իսրայել Օրիի հետ համեմատությունը ԱԺ փոխնախագահը անհաջող համարեց. «Այն ժամանակ մենք չունեինք պետականություն: Այսօր մենք ունենք անկախ պետականություն, որը մեզ որևէ մեկը չի նվիրել: Մենք սրբորեն պիտի պաշտպանենք»: Անդրադառնալով Արցախի կորստի մասին` Զարուհի Փոստանջյանի պնդումներին` Էդուարդ Շարմազանովն ասաց. «Էդ մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում: Արցախի իշխանությունը հազար անգամ ասել է` մենք դիմում չենք տվել մտնել ԵՏՄ: Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը: Արցախը Հայաստան չէ, Հայաստան է էրզրումը, Մուշը, բայց Արցախը իրավական առումով ՀՀ չէ, և բոլորիս նպատակն է սրբորեն իրականացնել Արցախի ժողովրդի կամքը` հասնել միջազգային ճանաչման: Իսկ ԵՏՄ-ն ոչ մի կապ չունի Արցախի սահմանի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ