Նոյեմբերի 21-29-ը Իտալիայում կայացել է Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնը: Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Հայկ. Փախուստը» արժանացել է փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին: Ֆիլմը թատերական ռեժիսորի մասնագիտությամբ մարդու մասին է, որը ինչ-ինչ պատճառներով հեռացել է հայրենիքից, ապրել ու աշխատել Հեռավոր Արեւելքում, Ռուսաստանի այլ վայրերում…
Մրցույթի միջազգային ժյուրիի կազմում էին չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Հարություն Խաչատրյանը նշեց, որ ֆիլմը հայ ազգին ամենաշատն անհանգստացնող պրոբլեմների մասին է: Ռեժիսորի ձեւակերպմամբ ֆիլմը ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում դժվար ընկալվեց, ներսում՝ կինոլեզվի պատճառով, դրսում՝ վատ թարգմանության: «25 տարի նկարված ֆիլմ է, պետք է շնորհակալություն հայտնեմ Գեւորգ Սարգիսիչին (Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին-Գ.Հ.), որ 25 տարի դիմացել է ինձ… Ի միջիայլոց 4 ֆիլմ է լինելու…Նշեմ, որ Հայաստանը հեշտ երկիր չի, բարդ տարածք է, քիչ քանակությամբ բնակչությամբ, բայց բարդ բնավորություններով: Այս ֆիլմում չեմ խոսում արվեստի մասին, սա ամենալուրջ ուշադրությունն է քո ազգային պրոբլեմներին: Շատ անգամ հայկական կինոն ավելի շատ անդրադառնում է էմոցիոնալ բաներին, քան ազգային պրոբլեմներին»,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Արվեստագետը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանին համարեց իր ֆիլմի համահեղինակ, փաստեց, որ քսանհինգ տարի հավատացել է իրեն: Նաեւ շնորհակալություն հայտնեց կինոգետ Րաֆֆի Մովսիսյանին՝ իր ֆիլմը մասնագիտորեն պաշտպանելու համար, ինչպես նաեւ Վրեժ Պետրոսյանին, Հայկ Իսրայելյանին, Սուրեն Թադեւոսյանին եւ Միքայել Ստամբոլցյանին:
Կարդացեք նաև
Գեւորգ Գեւորգյանը փաստեց, որ վերջին տասը տարիներին կինոյի հանդեպ լրատվամիջոցների հետաքրքրությունը մեծացել է: Հավելեց, որ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի շարանը սկսել է «Չվող թռչուններից». « Այդ ֆիլմում ցույց տվեց, թե ոնց է ստեղծագործական միտքը հեռանում Հայաստանից, հետո սկսեց նկարել արվեստագետի, բժշկի, մեխանիկ մարդու, որոնք հեռացել են Հայաստանից: Հարություն Խաչատրյանի ֆիլմերում երգեր, կրակոցներ, հայհոյանք չկա, դժվար ընկալելի ֆիլմեր են, բայց միայն էն չափորոշիչը, որ օրինակ Անգլիայից զանգահարում են ու խնդրում թույլ տալ, որ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը որպես դասագիրք ցույց տալ ուսանողներին, որ տեսնեն, թե ինչպես կարելի է վավերագրական ֆիլմ նկարել, արդեն ինչ-որ բան ասում է: Հարություն Խաչատրյանը էն ռեժիսորն է, որին պետք է միշտ հնարավորություն տալ նկարելու, ինքը ստեղծում է արժեք, որ այսօրվա սերունդն ավելի ուշ է կարողանում ընկալել, բայց վաղը կհասկանա, ինչպես Փարաջանովին, որը այսօր աշխարհի տասը լավագույն ռեժիսորներից մեկն է համարվում»:
«Մրցանակի հետ հինգ հազար եվրո են տվել, էնքան ոգեւորվեցի, որ մոռացա գումարը վերցնել»,- ժպտալով պատմեց Հարություն Խաչատրյանը, ապա մի տխուր իրողություն փաստեց. Ճանաչված կինոքննադատ Անդրեյ Պլախովը ֆիլմի մրցանակի մասին գրառում է կատարել ֆեյսբուքում, դրանից հետո ինքը 250 շնորհավորանք է ստացել արտերկրից, իսկ Հայաստանից իր կոլեգաներից միայն երկու հոգի են շնորհավորել՝ պրոդյուսեր Արամ Խաչատրյանն ու ռեժիսոր Միքայել Դովլաթյանը:
Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ անչափ ուրախ է ֆիլմի մրցանակի արժանանալու առիթով: «Այսօրվա իրականության մեջ ֆիլմը ինչքան էլ լավ լինի, չափման միավորը համարվում է մրցանակի արժանանալը: Հիմա շատ են փառատոները եւ յուրաքանչյուր ֆիլմ կարող է գոնե մեկ մրցանակի արժանանալ, բայց քիչ են այն փառատոները, որոնց շնորհած մրցանակը լուրջ գնահատականն է: Իսկ Թուրինի փառատոնը հեղինակային կինոյի լրջագույն փառատոներից է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ