Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Առաքել Մովսիսյանը ինձ չի պատասխանել»

Դեկտեմբեր 03,2014 14:12

«Զարուհի Փոստանջյանն արեց այն, ինչ պատշաճ էր անել»,- այսօր` դեկտեմբերի 3-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԱԺ նիստերի դահլիճում Հայրիկյանի ուղերձը բաժանելուն:

Նա նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի` Եվրասիական տնտեսական  միությանը անդամակցությանը պետք է պատասխանատվությամբ մոտենան. «Այս անգամ պատգամավորներին միջանկյալ մի լուծում է առաջարկված` պարզապես չմասնակցել քվեարկությանը: Եթե դուք չունեք արիություն, խիզախություն կատարելու ձեր իրական պարտքը, ապա գոնե մի մասնակցեք քվեարկությանը: Այստեղ փաստարկներ են բերվում, որ ամեն շաբաթը եւ նույնիսկ ամեն օրը կարող է նշանակություն ունենալ»:

Պարույր Հայրիկյանի խոսքերով` եթե աշխարհում մի հատված կա, որտեղ տնտեսությունը ճգնաժամ է ապրում, ողջախոհ մարդը կաշխատի խուսափել աշխարհի այդ հատվածից. «Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման երկրներ են, որովհետեւ այնտեղ, որտեղ կա բռնապետություն, իշխանությունը քաղաքացիներին չի ձեւավորում, այդ երկրները հակաժողովրդական են, եթե հակաժողովրդավարական են, ուրեմն` հակաժողովրդական են, հակամարդկային են: Հայաստանի մասին մտածող, Հայաստանի քաղաքացու ապագայի մասին մտածող պետական այրն ինչպե՞ս կարող է նույնիսկ տնտեսական բարձր ձեռքբերումների հնարավորության պայմաններում իր ժողովրդին կապել մի այդպիսի գազանանոցի հետ»:

ԱԻՄ առաջնորդը հավելեց, որ իր այդ ուղերձով առաջարկում է ոչ թե խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, այլ չափավորել դրանք:

Խոսելով ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անդրադարձի մասին ` Պարույր Հայրիկյանն ասաց, որ այդ հայտարարությունից հետո խոսել է Առաքել Մովսիսյանի հետ. «Ես երեւույթը շատ խիստ եմ գնահատել եւ երբեմն այնպիսի եզրույթներ եմ օգտագործել, որոնք քաղաքական չեն, որպեսզի մարդկանց սթափեցնեմ, բայց ես որեւէ անհատի որեւէ վիրավորական խոսք չեմ ասել, ես երեւույթի մասին եմ ասել, որպեսզի այդ անհատը իրեն կաշկանդված զգա: Առաքել Մովսիսյանը ինձ չի պատասխանել, նա շատ լավ հասկացել է, որ ինչ-որ մեկը փորձել է սադրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031