Դրամի արժեզրկումը իր բացասական հետեւանքներն է թողել նաեւ գյուղացիների վրա: Նրանց մեծ մասը դոլարով վարկ են վերցրել բանկերից եւ բոլորն էլ շատ խիստ անհանգստացած են, որ չեն կարողանա մարել իրենց վարկերը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն է թողել դրամի արժեզրկումը գյուղացիական տնտեսությունների վրա, ասաց Արարատի մարզից ֆերմեր Ավագ Ադամյանը:
Ֆերմերը խնդրի միայն մեկ լուծում է տեսնում, այն է, որ կառավարությունը պետք է հոգ տանի դրա մասին. «Գյուղացիները դոլարով են բանկից վարկ վերցնում, իսկ բանկը ոչ մի բանից ետ չի կանգնում: Սակայն բանկին էլ մեղադրելու չէ՝ իրենք ներդրումները դոլարով են արել, դոլարով էլ պահանջում են: Իսկ գյուղացիները այսօր բոլորով մտահոգված են,որ չեն կարողանա իրենց վարկերի մեծ մասը փակել»:
Ավագ Ադամյանի խոսքով՝ եթե բանկում չես կարողանում վարկը մարել, ապա ավելի բարձր տոկոսադրույքով այնտեղից գյուղացուն տրամադրում են քարտային վարկ, որը, ըստ նրա, ոչ ոք չի հասկանում ինչ է:
Ֆերմերի խոսքով՝ դրամի արժեզրկումը վերջնականապես կտանի գյուղացիական տնտեսությունների սնանկացման միայն այն պատճառով, որ գյուղացիները բանկերում առանց այդ էլ չմարած վարկեր ունեն, իսկ դրամի արժեզրկումն էլ ավելի է դժվարացնելու դրանց մարումը. «Մենք հիմա հացի արտադրամաս ունենք, ալյուրը ձեռք ենք բերում դոլարով, սակայն մեր ապրանքը իրացնում ենք դրամով եւ միայն կուրսի մեջ ահագին տուժում ենք: Այսինքն` մենք վաճառելով չենք հասցնում կուրսի հետեւից, եւ եթե այսպես շարունակվի, ապա գյուղացիները վերջնականապես կտուժեն»,- նշեց ֆերմերը:
Մեր զրուցակիցը նշում է, որ ինքը նաեւ ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում եւ հույս ունի, որ ԵՏՄ անդամակցությունը կարող է դրական փոփոխություն բերել, սակայն միեւնույն ժամանակ մտահոգված է, որ եթե գյուղացիների համար պատշաճ արտահանման հնարավորություններ չստեղծվեն, ապա շատ վատ է լինելու իրենց համար. «Նորից արտագաղթը ավելանալու է: Ապրանքի պահանջարկում լճացումը շարունակվելու է: Օրինակ` այս տարվա աշնանը վարունգի վաճառքը խայտառակ վիճակում էր»:
Կարդացեք նաև
Ֆերմերը պատմում է, որ վարունգը գրեթե չվաճառվեց, պատճառն էլ այն էր, որ արտագաղթի հետեւանքով սպառման շուկա չկար. «Արտագաղթը շատ մեծ ազդեցություն է թողել մեր ապրանքի սպառման վրա»:
Նրա խոսքով՝ ինքը նույնպես բանջարեղեն է արտահանել Մոսկվա եւ զգացել է այն, որ արտահանած ապրանքը այնտեղ վաճառել չկարողանալուց հետո, այստեղ դրա գինը երեք անգամ բարձրացել է:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ