Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պատմվածք. շրջադարձ

Դեկտեմբեր 03,2014 13:45

Հեռախոսազանգը սթափեցրեց սեղանի մոտ ննջող հերթապահ գիրուկ բուժքրոջը, որը վեր թռչելով տեղից արագորեն վերցրեց հեռախոսափողը:

-Ալլո՚, պոլիկլինիկան լսում է:

-Ես Լիլիթին եմ խնդրում,-լսվեց հեռախոսագծի մյուս ծայրից:

-Ո՞ր Լիլիթին, մեզ մոտ այդպիսի աղունակներ շատ կան,-զվարթացավ գիրուկ բուժքույրը, որը հոգնել էր երկար ժամանակ լուռ ու մունջ նստելուց ու սպասելուց: Նրա պարարտ ու կլորիկ փորը վեր-վեր էր թռչկոտում խոսակցության ընթացքում, չնայած նրան, որ ծիծաղելու որևէ առիթ չկար:

-Խոնդակարյան Լիլիթին,-սառը և պաշտոնական լսվեց հեռախոսի ընկալուչում:

-Ա~, ա~, ջանիկս, մի րոպե սպասիր, Լիլիթիկ, Լիլոիկ, հրամմեցիր, մի գեղեցիկ աքաղաղ քեզ հեռախոսի մոտ է հրավիրում,-նորից քրքջաց հաստլիկ բուժքույրը` մի կողմ դնելով հեռախոսափողը և միջանցք դուրս գալով:

Լսելով հերթապահ բուժքրոջ ձայնը Լիլիթը հարևան սենյակից շփոթված վազեց հեռախոսի մոտ:

“Նա է, անպայման նա”,-միջանցքով անցնելիս մտածում էր Լիլիթը:

-Ալլո՚, լսում եմ,-վերցնելով լսափողը խոսեց Լիլիթը:

-Բարև Լիլիթ,-լսվեց հեռախոսի ընկալուչում:

-Բարև, ու՞մ հետ եմ խոսում,-շփոթվեց Լիլիթը:

-Չե՞ս կռահում,-լսվեց տղամարդու հանդարտ ձայնը:

-Ոչ, չեմ կռահում,-չոր պատասխանեց Լիլիթը:

-Լավ մտածիր, գլխի կընկնես,-նորից համառեց երիտասարդը:

-Չէ, գլխի չեմ ընկնում,-միամիտ ձևացավ Լիլիթը:

-Դե, լավ, շատ մի չարչարվիր, Վարդանն է:

-Օ, ինչպե՞ս գլխի չընկա, ձայնդ փոխված է, ինչպե՞ս ես:

-Ներիր, իհարկե, որ անհանգստացնում եմ, բայց շուտ ես մոռանում ընկերոջդ, իսկ ես քեզ հիշում եմ միշտ և այսօր էլ գտա, զանգահարելով հեռախոսների տեղեկատու:

-Բայց սա իմ հեռախոսը չի, ընդհանուրն է, բայց մի նեղացիր, գործից խոսիր,-հանգստացրեց Լիլիթը:

-Հենց գործի համար էլ զանգել եմ, երեկ հանդիպեցի մեր կուրսի Գուրգենին, նրան էլ վաղուց չէի տեսել, հենց նա էլ ասաց, որ այդտեղ ես աշխատում, մի փոքր հիվանդ եմ, գլխացավեր ունեմ, խորհուրդ տվեց դիմեմ քեզ, ռենտգեն հետազոտում անցնեմ, այս սոսկալի գրիպի հետևանքով տանջվում եմ, սրանից պրծում չկա:

-Ռենտգենի հարցը լուծվող է, թեկուզ հենց վաղն արի, այսօր արդեն ուշ է, աշխատանքը վերջանում է:

-Դե լավ, շնորհակալություն, ներիր, որ անհանգստացրի, կգամ, կխոսենք, հիմա մի քիչ զբաղված եմ, անհետաձգելի գործեր կան, ցտեսություն:

-Ցտեսություն,-ասաց Լիլիթն ու ընկավ մտածմունքների գիրկը:

Տո~ւ, տո~ւ, տո~ւ…

Հաջորդ օրը Վարդանը գնաց պոլիկլինիկա, որտեղ աշխատում էր Լիլիթը: Հասնելով պոլիկլինիկա, շքամուտքից ներս մտավ ու մոտեցավ դիմացի պատուհանին, փոքրիկ, քառանկյուն բացվածքից գլուխը ներս խցկեց ու հարցրեց.

-Լիլիթ Խոնդակարյանին ինչպե՞ս գտնեմ:

Պատուհանի մոտ նստած աշխատակցուհին ինչ որ թղթեր էր լրացնում և որոշ ժամանակ անց միայն բարեհաճեց պատասխանել` դիմելով սենյակի մյուս ծայրի սեղանի մոտ նստած աշխատակցուհուն,-մեզ մոտ Լիլիթ անունով աղջիկ աշխատու՞մ է:

Իսկ մինչ Կարինե Վազգենովնան ծամած բրդուճն էր փորձում կուլ տալ ու նոր պատասխանել իրեն տրված հարցին, մեկը քնքշորեն հպվեց Վարդանի թևին.

-Ես այդպես էլ գիտեի, որ սխալ տեղ ես գալու, սա մանկական պոլիկլինիկան է, մեծերինը վերևում է:

-Է, ես էլ իմ մոր մանուկն եմ,-շփոթված անակնկալից, փորձեց կատակել Վարդանը:

Բայց Լիլիթը բարեկամաբար թևանցուկ արեց նրան և ուղեկցեց դեպի երկրորդ հարկ` իր աշխատասենյակը: Դեղորայքի սուր հոտը ծակեց Վարդանի քիթը, երբ մտան աշխատասենյակ, բայց նա սիրալիրորեն բարևեց սեղանի մոտ նստած հաճելի դեմքով բժշկուհուն և սպասողական դիրք ընդունեց:

-Այստեղ սկզբում կչափենք ճնշումդ, ապա ռենտգեն կանենք,-ասաց Լիլիթը:

Վարդանը հնազանդորեն վեր քաշեց վերնաշապիկի թևը և նստեց առաջարկված աթոռակին:

-125 և 85, նորմալ է, վատ չէ,-ժպտաց բժշկուհին, դուք բավական լավ առողջություն ունեք, ինչի՞ց եք վախենում այդպես:

-Ծերությունից, հիմա շուտ են ծերանում:

-Սա է՞ր երեկվա զանգահարողը,-դիմելով Լիլիթին կամացուկ հարցրեց բժշկուհին:

-Այո՚, ես էի, ի՞նչ կա որ,-Լիլիթի փոխարեն պատասխանեց Վարդանը:

-Երևի մտքինդ ուրիշ բան է ու դու սուտ հիվանդ ես ձևանում,-խորամանկորեն ժպտալով Լիլիթին ասաց բժշկուհին:

Վարդանը նույնպես ժպտալով ասաց.

-Աստված տար, որ այդպես լիներ:

Լիլիթը հարցական հայացքով նայեց Վարդանի կողմը, ապա ասաց.

-Գնացինք ռենտգեն անելու:

Ռենտգեն կաբինետում մի փոքր սպասեցնել տալուց հետո, այստեղի բժշկուհին նրանց ներս հրավիրեց: Լսելով Վարդանի գանգատները, նա առաջարկեց բարձրանալ և պառկել երկարավուն սեղանին, որպեսզի ռենտգեն նկարահանում կատարի նրա ճակատամասի հայմարյան խոռոչները, իսկ Լիլիթը դուրս գալով ռենտգեն կաբինետից սպասեց միջանցքում:

-Մի փոքր սպասեք, արտածումը կատարեմ, տեսնեմ հաջող է դուրս եկել նկարը, դրական ելքի դեպքում երկու ժամից պատասխանը կլինի,-ասաց բժշկուհին, երբ ավարտեց նկարահանման գործընթացը:

Սպասեցին մոտ տասնհինգ րոպե, ստացան պատասխանը:

-Ռենտգեն նկարը հաջող է դուրս եկել, մի փոքր բորբոքում եմ նկատել հայմարյան խոռոչում,-ասաց բժշկուհին դուրս գալով մութ սենյակից, վաղը կգաք` մանրամասն պատասխանը կստանաք:

-Շնորհակալություն,-ասաց Վարդանը, ապա Լիլիթի հետ քայլեցին միջանցքով:

-Իսկ ինչու՞ դու իմ բժշկուհուն պատասխանեցիր, թե աստված տար, որ այդպես լիներ,-հանկարծ Վարդանին հիշեցրեց Լիլիթը:

-Իսկ միթե՞ ես սխալ արտահայտվեցի,-հանկարծ ուրախացավ Վարդանը:

-Իհարկե, միթե՞ դու կասկածում էիր:

Տիրեց քար լռություն:

-Ես քեզ այսօր երեկոյան հրավիրում եմ “Վիտամին” ակումբ: Մի լավ կուրախանանք և ցավերս էլ կանցնեն, համաձայն ե՞ս,-ասաց Վարդանը:

Լիլիթը գլխով լուռ համաձայնության նշան արեց: Միջանցքում կարճատև զրույցից հետո Վարդանը հրաժեշտ տվեց Լիլիթին և շտապեց աշխատանքի: Գլխացավի մասին արդեն մոռացել էր:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031