ՀՀ ԱԺ-ն շարունակում է քննարկել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը:
Հարակից զեկույցով հանդես եկող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին պատգամավորները շարունակեցին հղել իրենց մտահոգությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կրկին բարձրացրեց այն հարցը, եթե վաղը Ղազախստանը բարձրացնի ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետի տեղադրման հարց, ի՞նչ ենք անելու:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մտահոգություն հայտնեց ՀՀ էներգետիկ կախվածության մասին: Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Կախվածությունը լավ բան չէ, կլինեն պետություններ, որոնց շահերը կհակասեն, բայց նաև տնտեսական շահերով պայմանավորված միշտ էլ փորձելու են գտնել կոնսենսուսային լուծումներ»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, թե երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Թուրքիա և հայտարարել, որ Թուրքիան ՌԴ ռազմավարական դաշնակիցն է: Այս համատեքստում նա նշեց. «Մենք գիտենք, թե երբ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկել են, ինչ է տեղի ունեցել ՀՀ-ի հետ. մեր հսկայածավալ տարածքները ինչպես նվիրաբերվեցին Թուրքիային: Հիմա գնում ենք ԵՏՄ և հայտարարում, որ Արցախը Հայաստան չէ: Հիմա ի՞նչ Արցախն եք նվիրաբերելու Թուրքիայի և Ռուսաստանի շահերի համընկմանը»:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանը նշեց, թե տիկին Փոստանջյանը «բարեխիղճ մոլորության մեջ է» և, անդրադառնալով «Արցախը նվիրաբերելու» մտահոգությանն, ասաց. «Անընդհատ էմոցիոնալի դաշտից եք ասում: Մենք Ղարաբաղը որևէ մեկին ոչ նվիրել ենք, ոչ էլ պատրաստվում ենք դա անել: Այն գործընթացները, որ հաճախ դուք եք սկսում, դրանք են տանում այդ վտանգավոր ճանապարհներով»:
Արտակ Զաքարյանը նշեց, թե այնպես չէ, որ Եվրամիության երկրներն ավելի շահագրգիռ են Արցախը ճանաչել որպես ինքնիշխան պետություն:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կրկին բարձրացրեց հարցը, թե ինչ են լինելու ՀՀ-ի ստանձնած պարտավորություններն ու պարտականությունները` ԱՀԿ պայմանագրով, որոնք հակասում են ԵՏՄ-ին. անգամ սակագներն են տարբեր: Արտակ Զաքարյանն արձագանքեց. «ԱՀԿ կանոններին չպետք է հակասեն ԵՏՄ ներսում տնտեսական և առևտրային գործընթացները, ինչն արտացոլված է համաձայնագրում: Այնպիսի խնդիր չի առաջանալու, երբ ՀՀ-ն ստիպված լինի հակասությունների դաշտ մտնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ