«Անկախությունից ի վեր ՌԴ նժարը ՀՀ-ում ծանրացել է: ԵՏՄ անդամակցումով մի ծանր կշռաքար ենք դնում այդ արդեն իսկ ծանրացած նժարի վրա»,-այսօր ՀՀ ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Բայց նա խնդիրը միայն ՌԴ-ի մեջ չի տեսնում, այլ ներսում: Նա նկատեց. «ՀՀ-ում միշտ էլ մուրացել ու աղերսել են Ռուսաստանի դաբրոն, եթե դա չեն արել ՌԴ-ում, ուրեմն արել են ԱՄՆ-ում»:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Իսրայել Օրիից այս կողմ հայ քաղաքական միտքը չի փոխվել: Օրին էլ էր հովանավորություն փնտրում Եվրոպայում, բայց ի վերջո գտավ Ռուսաստանում:
Նիկոլ Փաշինյանը ահազանգեց. «Մենք կանգնած ենք անկախությունը մսխելու առաջ, Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրուսելներում մուրացող քաղաքական հեղինակության պատճառով»: Ըստ Նիկոլ Փաշինյանի` վերջիններս ամեն ինչ արեցին, որ ՀՀ քաղաքացին ատի սեփական անկախ պետությունը և հիմա իմաստուն դեմքով այդ ամենի անունը դնում են ռեալ պոլիտիկ: Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ՀՀ գործող քաղաքական էլիտան ինքնիշխանություն ունենալու կամք չունի:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն միայն ավելի մեծ է, քան ՀՀ բյուջեն, բայց օրինակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կարողությունն ավելի մեծ է, քան ՀՀ բյուջեն, էլ չեմ ասում օլիգարխների մասին, ովքեր ՀՀ-ն քերթել են և մի բուռ բրինձ են դրա դիմաց բաժանում ժողովրդին»:
Բացահայտելով մի «մեծ սուտ», թե ՀՀ-ն ինտեգրվում է, պարոն Փաշինյանը պնդում է, որ ընդհակառակը, մեկուսանում է, քանի որ ԵՏՄ-ն մեզ մեկուսացնելու է Իրանից ու Վրաստանից:
Դառնալով իշխանություններին` պատգամավորն ասաց. «Իշխանությունները ոնց որ ձեռ առնեն, որ հպարտությամբ նշում են, թե խոչընդոտները վերացվում են բիզնեսի համար: Ասում են իբր ԵՏՄ-ից բիզնեսմեններ են գալու: Բայց ես մտահոգություն ունեմ, որ օրինակ` Բելառուսից մարդիկ գան ու հաստատվեն այստեղ: Եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին ՀՀ-ից հեռանում, հիմա արդեն արտադրամաս ունեցողներն են արտագաղթելու: ԵՏՄ-ին ՀՀ միանալուց հետո օտարները գալու են ՀՀ, հայաստանցիները հեռանալու են ՀՀ-ից»:
Ամփոփելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «դեմ է» քվեարկելու ու շեշտեց. «Դեմ եմ քվեարկելու ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում ՌԴ-ն, այլ որ սիրում եմ ՀՀ ինքնիշխանությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ