Հայերն են մեռնում հանուն հավատքի:
Եղեռնի ողբերգից
Կաթիլ առ կաթիլ դուրս մղել իր միջից ստրուկին…
Կարդացեք նաև
Անտոն Չեխով
Չափազանց դժվար է գրել ցեղասպանության մասին: Դա կարողանում են անել միայն փոքրաքանակ մարդիկ: Բայց երբեմն, թեկուզ կարճ, անհրաժեշտ է:
Ցեղասպանությունը նաև պարտություն է: Եթե լինեինք նախապատրաստված, կազմակերպված, ավելի լավ արդյունքով դուրս կգայինք այդ փորձությունից: Եթե… Բայց ինչպես լինես կազմակերպված, երբ չունես ոչ միայն քաղաքական ղեկավարություն, այլև ռազմական պայքարի պատրաստ մարդկանց դաս: Մեր ազնվականները, չուզենալով ստրուկ լինել, կամ զոհվել էին վաղուց, կամ ընդունել նվաճողների կրոնը և լուծվել նրանց մեջ: Իսկ մեր կրոնը քրիստոնեական է: Կռիվը մեր գործը չի, սովորեցնում էին քահանաները, դա թուրքերի գործն է, որի համար էլ նրանք կպատժվեն այն կյանքում, տապակվելով դժոխքում: Իսկ մենք, ընդհակառակը, կհասնենք հավերժ փրկության դրախտում, եթե մեզ պահենք հեզ, քրիստոնեաբար: Եվ ապրել ենք այդպես, ստրկացված:
Բայց ինչպե՞ս է, որ որոշ քրիստոնյա երկրներ տիրել են աշխարհի մեծագույն մասին: Շատ պարզ: Երբ կա պետություն, արքա և արիստոկրատիա, նրանք զբաղվում են իրենց գործով՝ պատերազմով: Իսկ կրոնը՝ քրիստոնեությունը նրանց համար եղել է իրենց պահանջների սպասարկու և գործողություններն արդարացնող գործիք: Այդպես է եղել Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլուր: Եվ երբ, օրինակ, խաչակիրները կոտորում էին Սուրբ երկրի խաղաղ բնակչությունը, նրանք օրվա մեջ երեք անգամ, զանգերի ղողանջով աղոթում էին, մեղքերի թողություն ստանում և նոր եռանդով շարունակում իրենց գործը:
Ովքե՞ր են եղել մեր և, ընդհանրապես, քրիստոնյաների հերոսները: Առաջինն ինքը՝ Քրիստոսը ապա և նրա կրոնի համար զոհված նահատակները: Նրանք սովորաբար պարզ քրիստոնյաներ են, որոնց հավատի համար տանջամահ են անում անհավատները: Այդպիսով, նրանք կրկնում են իրենց աստծու կյանքն ու ճակատագիրը՝ հավատալ, չհակառակվել չարին, կրել սեփական խաչը և զոհվել: Ահա մեծագույն հերոսությունը: Նրանց մեջ կան և որոշ ռազմական կերպարներ, օրինակ, սուրբ Սարգիսը: Այդպիսին է և հայոց մեծագույն սրբացված ռազմիկը՝ Վարդան Մամիկոնյանը: Իսկ ինչո՞ւ է հերոս: Որովհետև կռվել և զոհվել է հանուն հավատի: Եվ միայն: «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն», ասում է Եղիշեն: Հրաշալի է ասված: Իսկ ի՞նչ է իմացյալ մահը՝ մեռնել հանուն հավատի: Ոչ թե հայրենիքի, ոչ թե ժողովրդի, ոչ թե պետության, ոչ թե արքայի, ոչ թե ընտանիքի կամ այլ սրբության, այլ միայն՝ հանուն հավատի: Դա է գլխավոր սրբությունը:
Հետագա գրողները և պատմաբաններն են հայրենասիրական գաղափարների մարտիկներ դարձրել մեր հերոսներին: Եկեղեցին և պատմիչները, որոնք բոլորը եկեղեցականներ էին, նրանց հերոս են համարել միայն մի բանի համար (անկախ այն բանից, թե ի՞նչ է եղել իրականում): Եվ հայերը գիտեին, որ հերոսությունը՝ զոհվելն է հանուն հավատի, այնպես, ինչպես մեծագույն սրբերը: Հետևել իրենց աստծու օրինակին:
Վարդանն արիստոկրատ էր, ռազմիկ և զոհվեց ճակատամարտում: Իսկ մենք արիստոկրատներ չենք, ռազմիկներ չենք: Եվ սրբերի մեծագույն մասը ռազմիկներ չեն եղել: Եվ ի՞նչն է բարձրագույն քրիստոնեական հերոսությունը, եթե ոչ՝ հեզությամբ պատասխանել բարբարոսին, սպանողին, տանջողին, ցեղասպան թշնամուն: «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու […]: Սիրեցեք ձեր թշնամիներին […], և աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում»: Այդպիսով, եղեռնի զոհերը հասել են աստծու պսակին:
Եվ ողբերգում միանգամայն ճիշտ է ներկայացվում իրականությունը՝ «հայերն են զոհվում հանուն հավատի»: Այսինքն, նրանք մեծագույն հերոսներ են…
Միայն մյուս անգամ դա չպետք է կրկնվի: Դուրս մղել մեր միջից ստրուկին, չլինել ոչ ոքի՝ ոչ մարդկանց, ոչ աստծու ստրուկը: Եթե զոհվել՝ ապա հայրենիքի, երկրի, ժողովրդի, ընտանիքի և բարոյական արժեքների, թեկուզ հավատի համար, միայն սուրը ձեռքին:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ