Մի քանի օր առաջ, երբ հայկական դրամը կտրուկ արժեզրկվեց, եւ դոլարի փոխարժեքը 415-ից հասավ 435-ի, Կենտրոնանան բանկը հայտարարեց, թե ամեն ինչ նորմալ է, իրենք պարզապես «ճշգրտել են» փոխարժեքը, ինչը խիստ դրական է երկրի տնտեսության համար։ Պարզվեց՝ լավ չէին «ճշգրտել», երեկ հայկական դրամը նորից կտրուկ արժեզրկվեց, ու դոլարի փոխարժեքը հասավ համարյա 450 դրամի։ Իրավիճակը, կարելի է ասել, խուճապային է. բանկերից ու տարադրամի փոխանակման կետերից շատերը հրաժարվում են դոլար վաճառել, իսկ խանութներում չեն հասցնում փոխել լայն սպառման ապրանքների գնապիտակները։ Միակ «մխիթարությունն» այն է, որ Ռուսաստանում վիճակն անհամեմատ ավելի լուրջ է, այսինքն՝ «մեր մոտ հլը դեռ փառքա»։
Արդյո՞ք այս ամենը կապ ունի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ։ Ինչ-որ կապ, իհարկե, կա, բայց հիմնական պատճառը պետք է այլ տեղ փնտրել։ Վերջին հաշվով՝ եթե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու փոխարեն Եվրամիության հետ «ասոցացվեր», միեւնույն է՝ Ռուսաստանի տնտեսական կոլապսը Հայաստանի վրա նույն կերպ էր ազդելու։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանը գոյատեւում է օտարերկրյա տրանսֆերտների հաշվին, իսկ դրանց մեծ մասը Ռուսաստանից է ստացվում։
Այսինքն՝ մակերեսային պատճառը նավթի միջազգային գների անկումն է, իսկ խորքային պատճառն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանի տնտեսությանը «զարգացել է» պարզունակ սխեմայով՝ խոպանչիները Ռուսաստանից փող են ուղարկում, այդ փողն ի վերջո մտնում է օլիգարխների գրպանը, նրանք այդ փողով դրսից սննդամթերք են ներկրում, ու այդպես «յոլա ենք գնում»։ Պարզ ասած՝ բուն պատճառը Հայաստանի ներսում է։ Դրա համար էլ ոչ մի կաթիլ նավթ չունեցող Հայաստանը նավթի գների անկումից ավելի ուժեղ ցնցումների մեջ է հայտնվում, քան «նավթային ասեղի վրա նստած» Ադրբեջանը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում