Գիտակցելով, որ ԵՏՄ անդամակցումը, իրոք, անշրջելի գործընթաց է, արեւմտամոլները ձեռքները գցել են փրփուրներին, ինչպես պատգամավորներից մեկը նկատեց, դիմում են «պլանկայից» ցածր քայլերի՝ վիրավորելով, պիտակավորելով ԵՏՄ պայմանագրի կողմնակիցներին:
Բացի իրենից ու խզմալյաններից, մյուս բոլորին ԿԳԲ-ի գործակալներ անվանելուց հետո, քրիստոնեական արժեքներ «դավանող» Հայրիկյանն իր տարածած թռուցիկներում «ցիտել» էր Աստվածաշնչից ու խոսքը կտրելով բուն տրամաբանությունից՝ իր գաղափարական հակառակորդներին դիմել Աստծո խոսքով՝ «Իժի ծնունդներ…»: Նրա նման քայլը խիստ վրդովեցրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
«Ամո՛թ է, ինչպե՞ս կարելի է նման լեզվով խոսել, առավել եւս ամոթ է, որ իրենց քաղաքական նպատակների համար օգտագործում են Աստվածաշունչը: Սա շատ վատ բան է», -նշեց նա՝ ընդգծելով՝ հայհոյախոսական ոճով նամակ գրելը ոչ մի ազդեցություն չի կարող գործել: Ապա դառնալով աջ ու ձախ «պետական դավաճանի» պիտակ կպցնողներին՝ ասաց. «Այնքան են էժանացնում դավաճան հասկացությունը, որ իրական դավաճանները սողոսկում են ամենուր, սա ամենավտանգավորն է: Չի կարելի այդչափ արժեզրկել սեփական խոսքը»:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս նկատեց, թե գաղափարական հակառակորդ լինելը մի բան է, վիրավորանքներ հասցնելը՝ մեկ այլ բան. «Ես դեմ եմ նման մշակույթին: Անկեղծ ասած, Փոստանջյանի տարածած գրությունը չեմ հասցրել կարդալ, բայց նրանում բառեր նկատեցի… Անընդունելի եմ համարում նման մոտեցումները, անկախ նրանից, թե ո՞ր կողմն է դա անում: Նման պահվածքը խնդիր չի լուծում, հակառակը, սրում է իրավիճակը: Սա անընդունելի է, ես կասեի՝ անկյուն մղող քաղաքականություն, որը որպես կանոն արդյունավետ չի լինում»:
Կարդացեք նաև
Պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսան Արզումանյանի համար եւս անընդունելի են «պետական դավաճան» բնորոշումները: Ի պատասխան հայրիկյանական հայհոյախոսության ու խզմալյանական անհանդուրժողականության՝ նա մեջբերեց Վոլտերի հայտնի խոսքերը. «Ես համաձայն չեմ քո կարծիքին, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որ դու իրավունք ունենաս քո կարծիքը արտահայտելու»:
Պատգամավորը նկատում է՝ վիրավորելն անընդունելի է. «Ես իմ ողջ կյանքում փորձել եմ դիվանագիտական ձեւակերպումներ գտնել, որեւէ մեկին չեմ վիրավորում սեփական կարծիքը կամ հարցը հնչեցնելու համար, դա համարում եմ սխալ մոտեցում»:
Ինչ վերաբերում է ԵՏՄ պայմանագրի շուրջ խորհրդարանում ընթացող բանավեճին, ասաց՝ դա հասարակության կողմնորոշման համար է.
«Ո՞ր կողմն ավելի շատ փաստարկներ կբերի, այդ կողմն էլ պետք է ստանա հասարակության աջակցությունը: Այնպես որ պետք է փաստարկներով փորձել ապացուցել սեփական ճշմարտացիությունը եւ ոչ թե հայհոյելով»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում