Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծությունները սեր ունեն, սեռ ունեն, ունեն ընտանիք

Դեկտեմբեր 03,2014 11:28

Վաչե Պետրոսյանի հիշատակին

«Գրական տանիք չունեցողների պոեզիան» շարքից

«Լավի կամ վատի խնդիր չունեն Վաչե Պետրոսյանի ստեղծագործությունները, դրանք անցել են բանաստեղծության բանաստեղծականացման սահմանը ու գոյացել ճշմարիտ ծննդաբերությամբ եւ հանգույն: Իրենց բնազանցումի պատրանքում դրանք չեն խճողվել հաճախ արտաքուստ մանվածապատ թվացող ձեւերի մեջ, թորած չեն, սեռ ունեն, սեր ունեն, ունեն ընտանիք, ընկերներ եւ ազգություն, ավելին՝ հայրենիք ունեն դրանք: Բազում են հայրենիքին նվիրված կամ հայրենիքի թեմայով գրված բանաստեղծությունները, որոնք շատ ու շատ դեպքերում չափածո լոզունգներ են, պլակատներ, որովհետեւ արյուն չունեն ու անարյուն զոհաբերության փորձեր են հայրենյաց զոհասեղանին»: Օրեր առաջ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի «Գրական թանգարան» սրահի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Թուջե մառախուղ» գրքի շնորհանդեսին իր խոսքն այսպես սկսեց բանաստեղծ Վարուժան Խաստուրը: Նա նաեւ ներկայացրեց գրական այսօրը՝ «Այսօրվա անհայրենիք բանաստեղծականացումների դարաշրջանը», «երբ ակամա հեղձվում ես պոլիէթիլենային պոեզիայի պռնկեպռունկ լցված աղբանոցների թերայրվող դառը ծխից, երբ գրականություն է նետվում սեքսուալ չկայացումների ու ապականությունների գարշահոտը, երբ նողկագրությունների ստվարացումից ծառերի ատաղձը վերածվում է գրքերի գերեզմանոցի, ու առատանում են արտաքնոցային թղթե արտադրության ապագա ծավալները»: Քանդակագործ Վաչե Պետրոսյանի բանաստեղծությունների երկրորդ գիրքը շահեկանորեն տարբեր է, որովհետեւ ինչպես նրա գրչընկերն է ասում. «Նա ինքնակամ պատասխանատվություն է ստանձնել իր տեքստի առջեւ»: Գրականագիտության դոկտոր Հենրիկ Բախչինյանն ասաց. «Ես մարդկայնորեն նախանձում եմ, որ չեմ հայտնվել գրքի ընկերներին նվիրված բանաստեղծությունների շարքում: Վստահ եմ, որ մեր հասարակությունն էլ կգտնի իր բանաստեղծին, ինչպես որ ես գտել եմ իմ բանաստեղծին»: Շնորհանդեսին ներկա քանդակագործ Արա Շիրազն ասաց. «Ես ոչինչ չեմ հասկանում: Ես պոեզիա էլ չեմ հասկանում: Զգում եմ, որ Վաչեն հեքիաթ է ստեղծել եւ, այդ հեքիաթի մեջ ենք հայտնվել բոլորս»: Շնորհանդեսից հետո էլ սկսվեց մեր զրույցը ճանաչված քանդակագործ, բանաստեղծ Վաչե Պետրոսյանի հետ:

«Որեւէ ափսեի մեջ ինձ հանգիստ չեմ զգում»

– Ինչո՞ւ է ժողովածուն կոչվում «Թուջե մառախուղ»:

– Մեր իրականությունը, ուր ենք, պարսպված է հոգեւոր սնանկության թանձր մառախուղով: Հասարակական փոխհարաբերություններում, մշակույթում, ներանձնային կյանքում որեւէ նշանակալի, ճշմարտակերպ, դրական լիցքերով օժտված մտագործունեություն «անդիմության» կողմից միտված է արգահատման ու ոչնչացման: Սա, թերեւս, ամենավատթարը չէ: Կա ավելի սարսափելին, երբ ստեղծագործող անհատը մոռացված է, արհամարհված, հոգեւոր պահանջատերը՝ բացակա, կասկածամիտ, համակերպված իրեն թելադրված տգիտության պահանջարկին: Էլ չխոսեմ՝ անկինոթատրոն կինոյից, անգրախանութ գրքի մայրաքաղաքից: Չխոսեմ գրողների, նկարիչների եւ այլոց սրճարաններից, որ օտարվեցին հանուն մտավորականների անմիաբանության: Էլ չխոսեմ…

Ի՞նչ է, դժվա՞ր բան է 100 հաստավզի փոխարեն նույնքան արվեստագետ պահելն ու գուրգուրելը՝ հանուն մեր մշակույթի: Դժվար չէ, ուստի կամ վախենում են, կամ թքած ունեն ազգի հոգեւոր մշակույթի հիշողության վրա: «Թուջե մառախուղ», որովհետեւ գործող իրավակարգի թուջե, անթափանց ներկայությունն այլեւս խաթարել է մեր մարդաբանական տեսակը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր պոեզիան գնահատողների գնահատականներին: Արդյոք ճի՞շտ է ընկալվում պատկերը, տողը:

– Եվ դրական, եւ բացասական: Պոեզիայի իրական գնահատողը ժամանակն է: Սակայն խնդիրն այն է, որ ամենուր զգացվում է ժամանակի խիստ սղություն: Մարդը շտապում է: Շտապում եմ եւ ես: Փորձեր եմ անում ետ բերել կորցրածս: Իմ ընթերցողն ունեմ: Իհարկե՝ ունեմ, բայց չեմ համարձակվի ասել, թե նա ինչպես է զգում, ընկալում գիրս, տողս: Իմ խնդիրն ամենեւին այլ է. ես ընթերցողիս որեւէ բան չեմ պարտադրում, ուզածս նրան վախից հրաժարելն է, նրա մեջ ազատության վեհությունը արթնացնելը:

– Դուք Ձեզ համարում եք խաչքարագո՞րծ, քանդակագո՞րծ, թե՞ բանաստեղծ: Ո՞ր ափսեում եք Ձեզ հանգիստ զգում:

– Ինչ ասել է՝ խաչքարագործ, քանդակագործ, թե բանաստեղծ: Այս ամենը ու նաեւ այլ ամեններ ստեղծագործելու ժամանակ գործում են միասնաբար, գործում են իրարից անկախ, սակայն ուղղորդված են բանաստեղծության կամ մյուսների հոգեւոր մթնոլորտի կայացմանը: Փորձեք հիշել այն ընդհանրությունները, որոնք առկա են շարականում, մանրանկարում, խաչքարում, հարթաքանդակում եւ ընդհանրապես վաղ միջնադարի հայ հոգեւոր արարչության մեջ: Իսկ ավելի հստակ պատասխանեմ. որեւէ ափսեի մեջ ինձ հանգիստ չեմ զգում:

– Դուք Գրողների միության անդա՞մ եք:

– Ոչ եւ ոչ էլ ուզում եմ լինել:

– Պարոն Պետրոսյան, առհասարակ, ինչպե՞ս կբնութագրեք հայ պոեզիայի 2010-ը:

– Հետեւում ու չեմ հետեւում: Ունեմ իմ մտքի ճաշակին հարիր բանաստեղծներ, որոնց կարդում եմ: Եվ վերջին հաշվով գնահատելը իմ գործն էլ չէ: Դա գրականագետի, գրական քննադատի սուրբ պարտականությունն է, որոնք, ցավոք սրտի, Հայաստանում չեն գործել եւ չեն գործում հավուր պատշաճի: Թե չէ՝ այ քեզ բան: Նրանց ուսումնասիրության նյութը մեռած պոետն է, նրա ստեղծագործությունը: Համաձայնեք, դժվար է գործ ունենալ կենդանի պոետի հետ, անգամ անբարենպաստ է, քանի որ նա թելադրելու է պոետական վարքի իր կանոնները, եւ այս պարագայում գրականագետն այնքան հասու պետք է լինի, մեծ առումով, ողջ մշակութային կյանքին, որ կարողանա գրող-քննադատ առնչությունում ձեւավորել իր տեսակի կարեւոր անհրաժեշտությունը:

– Դուք ունեք մի խորագիր. «Էլ Չարենցից ոչինչ չկա ինձնից բացի», ինչը հարցադրումների տեղիք է տվել: Ի՞նչ եք դրանով ուզում ասել:

– Այս խորագիրը, բնականաբար, գրգռիչ է, հարցահարույց, անսպասելի: Առանձնապես, կարծում եմ, որեւէ բան չի պատահել, դա ես եմ, իմ պատկերացրած Չարենցի ներկայով, երբ մարտյան չարագույժ գիշերում գնդակահարվեցին մի խումբ հայորդիներ՝ պոետի ու իմ եղբայրները: Ուրեմն ինչո՞ւ հայ գրողական միտքն ու խիղճը անհաղորդ մնացին այս դաժան իրողությանը: Չէ՞ որ սպանվածները իրենց ընթերցողներն էին: Չարենցն այլ կերպ կարձագանքեր: Ես պատասխանեցի նրա պես: Երբ Անգլիական այգում 2008թ. հունիսի սկզբներին տեղադրեցի 1921թ. փետրվարի 19-ին Երեւանի բանտում բոլշեւիկների կողմից կացնահարված հայ մտավորականներին նվիրված խաչքար-կոթողը ու խաչի թեւատակերի նռների վրա խորագրեցի «Մարտյան զոհերի հիշատակին», գրող-մտավորականները կողքիս չէին, չբարեհաճեցին իրենց ներկայությամբ հարգել իրենց պապերի, եղբայրների հիշատակը: Երբ Թամանյանի անմահ ստեղծագործության՝ «Ժողտան», ժող-ժողովուրդ արմատն անջատել ու նետել են փողոց, տունն էլ վարձով տվել հակահայկական մուղամի պայծառ աստղերին, նրանք լռում են, ավելին՝ զարմացած ու հուզված են գրքիս երկրորդ անվանումից: Ուրեմն ես այս խորագրի իրավունքն ունեմ, եւ այդ նրանք են ինձ հուշել:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
16 հոկտեմբերի, 2010թ.

«Առավոտ» օրաթերթ
3.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031