Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հոգեբանական բարդույթները տարածաշրջանի անվտանգության սպառնալիք են դարձել

Դեկտեմբեր 03,2014 17:30

Հայ-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման աննախադեպ փաստը փորձագետներին առիթ տվեց խոսելու այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության զարգացման նոր փուլի հետ գործ ունենք:

Ուղղաթիռի միջադեպը՝ որպես էսկալացիայի փորձ, նոր չէր. հակամարտության գոտում հրադադարի հաստատումից ի վեր բազմաթիվ միջադեպեր են եղել, որոնց հետեւանքով շատ ավելի մեծ մարդկային կորուստներ են գրանցվել, քան ուղղաթիռի միջադեպի պատճառով էր, սակայն վերջին դեպքն իսկապես աննախադեպ էր:

Նախ՝ առաջին անգամ հրադադարի հաստատումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում ոտնձգություն տեղի ունեցավ ծանր զինտեխնիկայի նկատմամբ: Մինչ այս բոլոր տեսակի միջադեպերի ժամանակ երկուստեք օգտագործվել էին հրազեն, որոշ դեպքերում՝ ականանետներ եւ փոքր տրամաչափի հրետանի: Սա առաջին դեպքն էր, երբ ՀՕՊ միջոցի կիրառմամբ խոցվում է ծանր տեխնիկա: Եթե հաշվի առնենք ղարաբաղյան հակամարտության զարգացման տրամաբանությունը (միջազգային միջնորդների անատամ կեցվածքի ֆոնին կողմերի վրեժխնդիր լինելու ձգտումը), կարելի է ասել, որ տեղի ունեցածը մոտ ապագայում կդառնա այլեւս օրինաչափություն:
Երկրորդ հանգամանքը, որ շատ ավելի կարեւոր է, Իլհամ Ալիեւի՝ գնալով ավելի անպատասխանատու դարձող վարքագիծն է: Ուղղաթիռի միջադեպը տեղի ունեցավ Փարիզում կայացած բարձր մակարդակի հանդիպումից հաշված օրեր անց: Հանդիպում, որի արդյունքում թե՛ կողմերը, թե՛ միջնորդները եւ թե՛ առհասարակ փորձագետները լավատեսությամբ էին ներշնչվել: Մինչդեռ հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց աշխարհը ստիպված էր արձանագրել, որ հակամարտությունն աննախադեպ էսկալացիայի շեմին է:

Ղարաբաղյան գործընթացի հետագիծը ցույց է տալիս, որ ներգրավված կողմերից միակը, որի վարքագիծը բավականին հաճախ փոփոխություններ է կրում՝ դրանով իսկ ազդելով նաեւ ընդհանուր իրավիճակի վրա, պաշտոնական Բաքուն է: Այս դեպքում՝ անձամբ Իլհամ Ալիեւը:

Եթե այս վարքագիծը վերլուծենք կարճաժամկետ կտրվածքով, ապա կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւն այդկերպ որոշակի մարտավարություն է բանեցնում՝ իր եւ իր երկրի համար առավելագույն օգուտներ քաղելու համար: Սակայն վարքագծի երկարաժամկետ կտրվածքով վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք յուրահատուկ հոգեբանական խնդիրների հետ:

Բազմաթիվ են դեպքերը, երբ Իլհամ Ալիեւը խաղաղության շուրջ բանակցություններ է վարել, իսկ հաջորդ իսկ օրն աչքի ընկել աննախադեպ սադրանքով: Այդպես էր 2010-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ (որին հետեւեց Մուբարիզ Իբրահիմովի մասնակցությամբ սադրանքը), այդպես էր վերջին՝ Փարիզի հանդիպումից հետո: Ալիեւը շատ ավելի հակասական է վերբալ մակարդակում. խաղաղասիրության ու ռազմատենչության նրա փոխնիփոխ հայտարարություններն իսկական սինուսոիդ են:
Այս գործիչը նույնն է կյանքի տարբեր ոլորտներում. նա Ջուղայի հայկական գերեզմանադաշտն ավիրելու հրաման արձակեց եւ ողջ աշխարհի աչքի առաջ իրականացրեց, սակայն պնդում է, որ Ադրբեջանը միջկրոնական հանդուրժողականության իդեալական օրինակ է: Իր երկրում ձերբակալել կամ ֆիզիկապես ոչնչացրել է գրեթե բոլոր այլախոհներին, սակայն պնդում է, որ Եվրոպան ժողովրդավարական կառավարումը պետք է ընդօրինակի իր երկրից: Անդամակցելով Չմիավորման շարժմանն ու հանդես գալով իսլամական համերաշխության դիրքերից՝ նա իր երկրի տարածքը մեծահոգաբար տրամադրում է մեկ այլ երկրի (փաստացի դարձել է ռազմաբազա) Իրանի դեմ գործողությունների համար:

Այսպիսի հակասություններ կարելի է շատ թվարկել: Եվ գլոբալ զարգացումների ֆոնին Ալիեւը շատ ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է դառնում: Օրինակ՝ միայն վերջին մեկ ամսում նավթի գնի անկման հետեւանքով Ադրբեջանը մոտավոր հաշվարկներով չի ստացել (կորցրել է) մոտ 1 մլրդ դոլար, բայց անտեսելով այդ փաստը՝ նա մտադիր է հերթական անգամ թռիչքաձեւ մեծացնել ռազմական ծախսերը՝ այս տարվա մոտ 3 միլիարդից հասցնելով 4 միլիարդ դոլարի:

ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031