2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Այն, ինչ անկախ Հայաստանի 1-ին նախագահը կոչել է «անշրջելի իրողություն», կդառնա դե յուրե գործող փաստաթուղթ: Ինչպես գրեթե բոլոր հարցերի շուրջ, այստեղ էլ հասարակությունը երեք խմբի է բաժանվել: Առաջին խումբն անհամբեր միավորման է սպասում, վստահ, որ հենց հաջորդ օրը վերականգնվելու է անծայրածիր «հայրենիքի» ցանկացած անկյունում բնակության եւ աշխատանքի օրինական իրավունքը: Երկրորդ խումբը համոզված է, որ այդ միությունում Հայաստանը հեռանկար չունի: Եվ վերջապես՝ երրորդ խումբը, առօրեական ու կենցաղային բեռի տակ, նման մանր-մունր խնդիրներով մտահոգվելու ժամանակ ու ցանկություն չունի:
Վստահ չեմ, թե Հայաստանի ղեկավարներն իրենց հոգու խորքում ինչպես, սակայն պաշտոնական ելույթներում միանշանակ ԵՏՄ ինտեգրման մոլեռանդ ջատագով են եւ օպերատիվորեն արձագանքում ու հակադարձում են ԵՏՄ սկեպտիկների մտահոգություններին: Նրանց հիմնական փաստարկներն են, որ՝
t Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կառույց է:
t Եթե միության մեջ նոր երկիր ընդունելը կոնսենսուսով է լինելու, ապա ցանկացած երկիր կարող է իր որոշմամբ միությունից դուրս գալ:
t Հայաստանը, հիմնադիր անդամ երկրների նման, կոլեգիայի երեք անդամ է ունենալու: Ճիշտ է, այդ երեք անդամը միասին ընդամենը մեկ ձայն են ունենալու, բայց որոշումներ կայացնելու համար յոթ ձայն է պահանջվելու: Այսինքն՝ որեւէ երկու երկիր առանց Հայաստանի որոշում անցկացնել չի կարող:
Քննարկենք այս փաստարկները՝ օգտվելով նաեւ պատմության դասերից: 1949 թվականին Խորհրդային Միության (այսինքն՝ իրերն իրենց անունով կոչենք՝ Ռուսաստանի) նախաձեռնությամբ ստեղծվեց Տնտեսական փոխօգնության խորհուրդը (ՏՓԽ): Ինչպես եւ անունն էր հուշում, սա զուտ տնտեսական կառույց էր, որի գերխնդիրը «պատերազմից տուժած սոցիալիստական բլոկի պետություններին տնտեսական աջակցություն ցույց տալն էր»: ՏՓԽ-ն վերջնականապես ձեւավորվեց 1955 թվականի մայիսի 14-ին` Վարշավայում ստորագրված համաձայնագրով (Վարշավայի պակտ): Արդեն հաջորդ տարի՝ 1956-ի նոյեմբերին, ՏՓԽ անդամ երկրների զորքերն ու զրահատեխնիկան ներխուժեցին Բուդապեշտ՝ երեւի տնտեսական համագործակցությունը ուժեղացնելու նկատառումներով, ձերբակալեցին Հունգարիայի վարչապետ Իրմե Նադիին, որը համաձայնել էր բազմակուսակցական համակարգ թույլատրել, համարձակվել էր հայտարարել երկրի չեզոքության մասին եւ դիմել ՄԱԿ-ի աջակցությանը: Դե ասեք՝ ո՞ր տնտեսական միությունը կդիմանա իր անդամ երկրի նման գործունեությանը: Բնականաբար, Նադին 1958 թվականին մահապատժի ենթարկվեց: Նշեմ, որ 1956-ին ԽՍՀՄ առաջնորդ Ն. Խրուշչովն արդեն հասցրել էր դատապարտել ստալինյան ռեժիմի բարբարոսությունները եւ «անհատի պաշտամունքը»: 12 տարի անց, այս անգամ Բրեժնեւի հրամանով, Վարշավայի պակտի կես միլիոնանոց զորքը, կրկին միայն տնտեսական նկատառումներով, Պրահա մտավ, ձերբակալեցին ու Մոսկվա տեղափոխեցին Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկին՝ հավանաբար տնտեսական բանակցությունների նպատակով: Եվս 12 տարի անց ՏՓԽ երկրների զորքերը արդեն պատրաստ էին մտնել Լեհաստան, քանի որ վերջիններս այնպիսի հակատնտեսական քայլ էին կատարել, ինչպիսին անկախ արհմիության ստեղծումն էր: Բարեբախտաբար, լեհ կոմունիստները վստահեցրին, որ իրենք էլ կարող են «տնտեսությունը կարգի բերել», ու ձերբակալություններով եւ պատժամիջոցներով ժամանակավորապես հարթեցին իրավիճակը:
Կարդացեք նաև
Այս օրինակները պատասխանում են նաեւ երկրորդ փաստարկին: Ո՞վ գիտե, նույն 1956-ին Հունգարիայի պաշտոնյաներն էլ մտածում էին, թե ցանկացած պահի կարող են դիմում գրել եւ, ասենք, 12 ամիս հետո դուրս գալ միությունից: Բայց ի՞նչ եղավ, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ…
Ինչ վերաբերում է երրորդ փաստարկին, ապա այն պարզապես ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում «որեւէ երկու երկիր առանց Հայաստանի որոշում անցկացնել չի կարող», երեքը հո կարո՞ղ է… եթե հակասություն լինի, հույսներդ ո՞ր երկրի վրա եք դնելու՝ Բելառուսի՞, թե՞ Ղազախստանի: Իսկ գուցե մեր հավերժական դաշնակից Ռուսաստանի՞: Ախր պետք չէ մոռանալ, որ երբ ՄԱԿ-ում մեր դեմ բանաձեւ են ընդունում, ասենք՝ Վանուատուն ու այդ շարքից մի քանի երկիր է մեզ աջակցում, դրանք էլ ԵՏՄ անդամ չեն: Կամ հույս կա՞, որ երբեւէ կոլեգիայի մեր մեկ երրորդ ձայնով անդամները կհամարձակվեն բարձրաձայնել իրենց անհամաձայնության մասին:
Ուրեմն մի՞թե ամեն ինչ այդքան վատ է, եւ իսկապես այլընտրանք չկա: Իրականում ես լավատես եմ: Վստահ եմ, որ ոչ թե այդ միությունում Հայաստանը հեռանկար չունի, այլ հենց ԵՏՄ-ն չունի հեռանկար: Ինչո՞ւ, բացատրեմ: Գոնե վերջին 100-150 տարիների պատմական փորձը հուշում է, որ Ռուսաստանին երբեւէ չի հաջողվել որեւէ կայուն միջպետական տնտեսական կամ քաղաքական կառույց ստեղծել: Լավագույն դեպքում՝ բռնակցել են, որը նույնպես սովորաբար ժամանակավոր էֆեկտ է ունեցել: Հիշենք նույն ՏՓԽ-ն, որի քայքայման հեռանկարը արդեն ստեղծումից մի քանի տարի անց ակնհայտ էր, հատկապես երբ Ալբանիան Չինաստանի աջակցությամբ դուրս եկավ կառույցից, իսկ Հարավսլավիան այդպես էլ չմիացավ: Կամ ուզո՞ւմ եք հետ գնանք եւ հիշենք կոմինտեռնը, կամ մեր օրերը վերադառնանք ու հիշենք խորհրդային հանրապետությունների համադաշնությունը, որ հանրաքվեից այն կողմ չանցավ, ԱՊՀ-ն, որ այդպես էլ չկայացավ, ՀԱՊԿ-ը, որ հիմնականում համատեղ զորավարժություններով է բավարարվում կամ նույն Մաքսային միությունը, որ ԵՏՄ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դադարելու է գործել:
Այնպես որ՝ սպասենք եւ հուսանք:
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
2.12.2014