Այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը բազմաթիվ հարմար առիթներ է տվել
ճանաչման համար
Քսանհինգ տարի առաջ՝ 1989թ. դեկտեմբերի 1-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը վերամիավորվեցին: Ու թեեւ դրանից քիչ անց՝ 1990թ. հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, վերադասության իրավունքով, չեղյալ հայտարարեց այդ որոշումը, այնուհետեւ 1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանում, առանց Արցախի բնակչության մասնակցության, անցկացվեց Անկախության հանրաքվե, վերամիավորման մասին այդ պատմական որոշումը թերագնահատել պետք չէ՝ այն դեռ կարող է ունենալ ոչ միայն պատմական արժեք:
Նախ՝ այդ որոշումը շատ խոսուն ապացույցն է այն իրողության, որ, օգտվելով գորբաչովյան «պերեստրոյկայի» ընձեռած հնարավորությունից, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միացման հարցն արծարծել եւ Խորհրդային Հայաստանի հետ համատեղ փորձում էր լուծել խաղաղ, զուտ օրենսդրական ճանապարհով: Ինչպես արձագանքեցին դրան Բաքուն ու Մոսկվան՝ հայտնի է:
Որոշումը նաեւ ներկա եւ ապագա սերունդների համար ամրագրում է այն պարզ եւ հստակ նպատակը, որի համար սկսվեց 88-ի՝ իր նախադեպը չունեցող հայոց համազգային շարժումը:
Կարդացեք նաև
Եվ երրորդն, ըստ իս, այն է, որ այդ որոշման առկայությունը, որպես հնարավոր երկընտրանք ԼՂՀ անկախության ճանաչման ներկայում որդեգրված ուղու, անհրաժեշտ պահին լրացուցիչ ճկունություն կարող է ապահովել հայկական կողմերի համար:
Մինչ այժմ էլ երբեմն հնչում են տեսակետներ, որ սխալ էր դեկտեմբերի 1-ի որոշման տրամաբանությունից հետ կանգնելն ու ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը հիմք ընդունելով, Արցախի անկախությունը հռչակելով՝ խնդրի լուծում որոնելը: Նույնիսկ դավաճանության եւ խնդիրը միտումնավոր փակուղի մտցնելու մասին են խոսում:
Նման գնահատականներ տարածողներին երեւի արժե պարբերաբար հիշեցնել անկախության հռչակման ուղին ընտրելու իրական դրդապատճառների մասին:
Առաջինն այն է, որ 1991-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր դուրս գալը ԽՍՀՄ կազմից, եւ գործող խորհրդային օրենսդրության համաձայն՝ դե յուրե նրա կազմում գտնվող ինքնավարությունը՝ ԼՂԻՄ-ը, սեփական հանրաքվե անցկացնելու իրավունք ձեռք բերեց, ինչն էլ իրագործեց, եւ արդյունքում մենք ստացանք ամենակարեւոր հաղթաթղթերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը ձեռք է բերել իր անկախությունը անթերի իրավական հիմքով՝ ԽՍՀՄ գործող օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան:
Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ քաղաքակիրթ աշխարհը հեշտ, հաճախ նաեւ համակրանքով է ընկալում ազգերի՝ անկախության համար պայքարը, հանդուրժում է չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված պետությունների գոյությունը: Դրա վառ օրինակն է ԱՄՆ-ի կողմից Արցախին տարեցտարի հատկացվող օգնությունը: Բայց, ինչպես սակավաթիվ նախադեպերն են վկայում (Իրաքի կողմից Քուվեյթի գրավումը, Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումը), չի հանդուրժում միավորումը կամ կցումը եւ անմիջապես գնահատում է որպես անեքսիա՝ դրանից բխող ծանր հետեւանքներով:
Այս իրողությունից ելնելով է, որ Կոսովոն ոչ թե ձգտեց միանալ «մայր» Ալբանիային, այլ անկախություն հռչակեց: Նույնն է Հյուսիսային Կիպրոսի եւ Թուրքիայի պարագայում:
Այնպես որ՝ վերոշարադրյալի կոնտեքստում, (1) Արցախի անկախանալու, (2) անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ու դրանից հետո միայն (3) Հայաստանի հետ միավորվելու ուղին առկա պայմաններում միակ տրամաբանականն է թվում: Այլ հարց է, թե անկախություն հռչակելուց հետո ինչպես են Հայաստանի եւ Արցախի իշխանությունները հաղթահարում այդ ուղին:
Ցավոք, անցած ավելի քան 20 հարաբերականորեն խաղաղ տարիների ընթացքում ոչ միայն չի հաջողվել քայլ կատարել դեպի Արցախի ճանաչումն ու միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը, այլեւ մեր իսկ անմիտ ու հանցավոր գործողություններով տորպեդահարել ենք ընտրված ուղին ու կոնցեպցիան:
Ի՞նչ էր, եթե ոչ ընտրված կոնցեպցիայի տորպեդահարում Արցախի նախագահի նշանակումը Հայաստանի վարչապետ ու այնուհետեւ, Սահմանադրության կոպիտ ոտնահարումով, նրան «ընտրելը» երկրի նախագահ: Իսկ այնուհետեւ, մասամբ որպես դրա հետեւանք, Արցախին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների սեղանից հեռացնե՞լը: Իսկ տասնյակ հարյուրներով ղարաբաղցիներ բերելը Հայաստան ու մեծ ու փոքր պաշտոնների նշանակե՞լը: Դրանո՞վ ենք ամրապնդել Արցախի անկախությունը: Տխուր է, բայց ստացվում է, որ մենք ինքներս ոչ միայն չենք ճանաչում, այլեւ չենք հարգում, ոտնահարում ենք Արցախի անկախությունը:
Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը մեզ ներկայացվում է որպես ամենաբարդ խնդիր, եւ այն ոչ մի կերպ չի լուծվում: Ինչո՞ւ ենք համառորեն խուսափում, այն էլ այն դեպքում, երբ անցած տարիների ընթացքում Ադրբեջանն ինքը բազմաթիվ հարմար առիթներ է տվել ճանաչման համար: Չէ՞ որ ակնհայտ է՝ Հայաստանը չի կարող Արցախի ճանաչման ուղղությամբ ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, եթե ինքն է խուսափում ճանաչել:
Մեզ ասում են, թե Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսի: Եղբայր, Ադրբեջանը պատերազմ կսկսի ցանկացած դեպքում՝ անկախ մեր ճանաչել-չճանաչելուց, միայն մի պայմանով՝ պետք է համոզված լինի, որ կհաղթի:
Մեզ նաեւ ասում են, որ ճանաչելու դեպքում էլ քննարկելու բան չի մնա Մինսկի խմբի շրջանակներում: Է, չի մնա՝ չենք քննարկի: Ադրբեջանին անկախ Արցախի հետ քննարկելու հազար հարց կմնա՝ թող քննարկեն: Այստեղ մենք էլի մոռանում ենք, չենք հարգում ի սկզբանե որդեգրված կոնցեպցիան: Հակամարտության կողմը Արցախն է, անկախացել է Արցախը, Ադրբեջանը պատերազմը հրահրել է Արցախի, ոչ թե մեր դեմ: Մենք ներքաշված կողմ ենք միայն ու մեծ հաշվով Ադրբեջանի հետ քննարկելու բան չունենք:
Մեր իշխանությունները ինքնախաբեությամբ եւ հասարակությանը մոլորեցնելով են զբաղված, երբ առանց Արցախի դե յուրե ճանաչման խոսում են այլ երկրների կողմից ճանաչման ուղղությամբ գործադրվող ինչ-որ ջանքերի մասին: Այդ ջանքերն իրականում կամ չկան, իսկ եթե կան էլ, ապա խղճուկ են եւ, բնականաբար, անարդյունք:
Փորձենք վերլուծել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության մի փոքրիկ՝ համեմատաբար թարմ դրվագ: Երեւան էր եկել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը արդեն 108 երկրների կողմից ճանաչված Կոսովոյի անկախության հարցում: Լիովին պրոսերբական՝ չենք ճանաչում եւ վերջ: Դա այն դեպքում, երբ Կոսովոյի նախադեպը (թողնենք մի կողմ պատմական արդարությունն ու ռոմանտիկան) մեզ համար միայն դրական նշանակություն ունի: Այն դեպքում, երբ հանգիստ կարող ենք բանակցել ալբանական երկու պետությունների հետ՝ Կոսովոյի ճանաչման դիմաց նրանց կողմից Արցախի ճանաչման հարցը: Կարող ենք նաեւ բանակցել սերբերի հետ՝ Կոսովոյի չճանաչման դիմաց նրանց կողմից Արցախը ճանաչելը: Բայց ոչ: Մեր երկրի փաստացի ղեկավարը սկզբունքային է համարում այս հարցում Հայաստանի որդեգրած, մեզ ոչինչ չտվող, կոշտ, պրոսերբական, իսկ իրականում անմիտ-պրոռուսական դիրքորոշումը: Փոխարենն ի՞նչ ենք ստանում: «… մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հիմա դուք ասեք՝ նման «սկզբունքային» դիրքորոշմամբ, բերված ոչինչ չասող նախադասությամբ, որով կարելի է բնութագրել աշխարհի երկրների ճնշող մեծամասնության վերաբերմունքը Արցախի խնդրին, Սերժ Սարգսյանը որեւէ ջանք գործադրո՞ւմ է Արցախի ճանաչման ուղղությամբ, թե՞ իր անգործությամբ կամ Ռուսաստանի քաղաքականության ֆարվատերում անկամ լողալով՝ խանգարում է դրան:
Մի միտք էլ ու վերջ: Նույնիսկ իրենց շեֆերի՝ ռուսների տխմար փորձը չեն կիրառում: Ի սեր Աստծո, նման բանի կոչ չեմ անում, բայց կարող էին, չէ՞, իրենց թալանածից կամ, լավ, բյուջեից մի 50-60 միլիոն դոլար վերցնել ու թռչել ճանաչման հետեւից Վանուատու, Նաուրու կամ Քուկի կղզիներ: Բակո Սահակյանին այդ կողմերում տեսե՞լ եք:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
2.12.2014