Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում չիմանալ Հայաստանի մասին»

Դեկտեմբեր 03,2014 16:00

Բրիտանացի միջազգային բիզնես-խորհրդատուն բացատրում է՝
ինչու պետք է ներդրումներ անել Հայաստանում

«Ինչպե՞ս կարելի է ապրել 21-րդ դարում, նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ու չիմանալ Հայաստանի՝ քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի մասին: Սա իսկապես խնդիր է, ինչո՞ւ է այդպես»,- «Առավոտի» հետ զրույցը միանգամից այս հարցով է սկսում միջազգային բիզնես-խորհրդատու, Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ակտիվների ընկերության վաճառքի մենեջեր Ջեյսոն Ուայթը: Ինքն էլ վերջերս է իր համար հայտնաբերել Հայաստան երկիրը, ամուսնացել է հայուհու հետ, եւ հենց ամուսնական կապերն են նրան բերել Հայաստան: Աշխարհի բազմաթիվ երկրներում եղած բիզնես-խորհրդատուն իր աչքերով է տեսել Նոյի երկիր Հայաստանը, Խոր Վիրապից հիացել Արարատ լեռով եւ համեմատություն անցկացրել իր եղած երկրների մշակութային եւ տնտեսական հնարավորությունների հետ: Շարունակում է զարմանալ եւ անհանգստանալ, որ աշխարհում քչերը գիտեն Հայաստանի մասին, այնինչ ինքը, լինելով մեր երկրի շատ մասերում, որպես բիզնես-մասնագետ է նայել շրջապատին եւ արդեն առանձնացրել տասնյակից ավելի պատճառներ Հայաստանում ներդրումներ անելու համար: Ծանոթացել է երկրի մշակույթին, պատմությանը եւ այժմ եղած հնարավորություններին, կարծում է՝ երկիրը լավ ներկայացնելու դեպքում աշխարհում շատերը կհետաքրքրվեն Հայաստանով ու ներդրումներ կանեն՝ այդպես նաեւ զարգացնելով այստեղի տնտեսությունը: Այս մասին նա նաեւ գրառել էր սոցիալական ցանցերից մեկում, ինչն էլ արժանացել էր «Առավոտի» ուշադրությանը:

«Այստեղ մարդիկ մի քանի լեզու գիտեն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ դեռ մի լեզու եւս: Շատ խելացի են, կարելի է օգտագործել այդ ռեսուրսը»,- ասում է նա՝ ավելացնելով, որ այստեղ շատերն ունեն գիտական աստիճաններ, ինչը այլ երկրներում չես հանդիպի, նման աշխատուժ ունենալը շատ ձեռնտու է ցանկացած օտարերկրյա գործատուի համար:
Կարեւոր պայմաններից մեկը, ըստ միջազգային բիզնես-խորհրդատուի, ինչը հատկապես պետք է գրավի դրսի ներդրողներին, ցածր աշխատավարձերն են. խոշոր ընկերությունները ներդրումներ անելով այստեղ, իրենց կազմակերպության մասնաճյուղերն ունենալով Հայաստանում՝ խնայելու են գումար, այստեղ նրանք ստիպված չեն լինի մեծ գումարներ ծախսել կազմակերպության գործունեությանն անհրաժեշտ տարածքի եւ այլ ծախսերի համար, քանի որ գները շատ ուրիշ երկրներից անհամեմատ ցածր են: Բրիտանացի բիզնես-խորհրդատուն նկատել է, որ Հայաստանում հատկապես զարգացող ոլորտը նորագույն տեխնոլոգիաներն են, կարծում է, որ համաշխարհային շուկայի խոշոր ընկերությունները, ճիշտ ներկայացման դեպքում, կհետաքրքրվեն Հայաստանով ու այստեղի մասնագետներով: «Աութսորսինգ ընկերությունները լայն հնարավորություններ ունեն այստեղ իրենց գործունեությունն իրականացնելու: Սա շատ լավ վայր է հեռախոսային ծառայությունների, հեռախոսային կենտրոնների, ադմինիստրատիվ աշխատանքի առումով»:

Ջեյսոն Ուայթի կարծիքով՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը հնարավորություն է նաեւ այն առումով, որ միացել է Եվրասիական միությանը, եւ սա նրանց հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ դուրս գալ եւ համագործակցել այս միության տարածքի պետությունների, օրինակ՝ Ռուսաստանի, Ղազախստանի բիզնես-շուկաների հետ, եթե, իհարկե, լինեն օրենսդրական ճիշտ կարգավորումներ եւ փաստաթղթային թափանցիկություն: Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում քչերն են ուրախ այդ միությանը միանալու առիթով, պարոն Ուայթը պատասխանեց, որ ինքը տեղյակ է, եւ դա բնական է, գուցե ավելի նախընտրելի էր եվրոպական շուկան, բայց պետության ղեկավարներն արդեն իրենց ընտրությունն արել են, եւ ոչինչ չի մնում անել, քան փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է այս իրավիճակում օգուտ քաղել:

Պարոն Ուայթին հիշեցնում ենք, որ երկրում օլիգարխիան լուրջ դեր ունի, եւ մոնոպոլիան է հիմնականում դառնում պատճառ, որ շատերը հիասթափվում, նոր բիզնես չեն հիմնում կամ ներդրումներ չեն անում: «Այո, գիտեմ դրա մասին»,- ասում է նա եւ ավելացնում, որ այս դեպքում պետք է ընտրել մի շուկա, մի դաշտ, որտեղ օլիգարխիան քիչ դեր ունի, եւ սկսել այդտեղից:

Հայաստանում նոր բիզնես հիմնել ցանկացողներին էլ խորհուրդ է տալիս սկսել փոքրից, բայց աշխատել դրսի հետ համագործակցություններ փնտրելու վրա: «Ես նկատել եմ, որ հայերը Հայաստանից դուրս այլ երկիր չեն տեսնում, այնինչ եթե դու չաշխատես դրսի հետ, չփորձես համագործակցել նրանց հետ, կձախողես ցանկացած դեպքում»,- ասում է նա:
Ջեյսոն Ուայթը տպավորված է հայաստանյան մշակույթով, համարում է, որ սա իսկապես զբոսաշրջիկներին գրավող երկիր է՝ իր հրաշալի բնությամբ, պատմական անցյալով: «Հրաշալի եղանակ ունեք, արեւոտ, մարդիկ՝ տաք»,- ասում է նա՝ ավելացնելով, որ մաքուր երկիր է, օդը՝ քիչ աղտոտված: Ի պատասխան մեր զարմանքի ասում է՝ այլ երկրներում օդն ավելի աղտոտված է, Հայաստանն իսկապես էկոլոգիապես մաքուր երկիր է. «Նաեւ քաղաքում տեղաշարժվելն է շատ հեշտ: Եվրոպացի ցանկացած բիզնեսմենի համար հրաշք է կես ժամում հանդիպման վայր հասնելը: Այստեղ երթեւեկությունն էլ շատ թեթեւ է»:
Ինչո՞ւ ինքը եւ իր նման շատերը չգիտեն այդ պետության մասին՝ այս անգամ մեր կողմից տրվող հարցին պատասխանում է. «Չգիտեմ: Կարծում եմ՝ սովետական տարիներից է գալիս, լինելով մի պետության կազմում՝ աչքի չի ընկել, հետո արդեն ինքը այնքան է ներփակված եղել իր խնդիրներով, որ աշխարհին ճիշտ ձեւով չի ներկայացել»,- ասում է նա: Ուայթի կարծիքով՝ հիմա ժամանակն է, հատկապես մյուս տարի, երբ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Սփյուռքից, տարբեր ոլորտներից հյուրեր են գալու, կարելի է համագործակցության հնարավորություններ փնտրել: Ինքն էլ իր հերթին սեփական նախաձեռնությամբ փորձում է սոցիալական ցանցերով Հայաստանի մասին հրապարակումներով հանդես գալ եւ զգացել է, որ մարդկանց արդեն երկիրը սկսել է հետաքրքրել, հուսով է՝ գործնական արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031