Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կուրթանի» ՀԷԿ-ը գետը ճահճացրել է՝ գյուղացիներին զրկելով ջրից

Դեկտեմբեր 03,2014 15:30

Գյուղացիները վստահեցնում են, որ «Կուրթանի» փոքր ՀԷԿ-ի պատճառով
գյուղում խոլերա կտարածվի

«Կուրթանի հիդրոէլեկտրակայանի պատճառով Գառգառ գետն ամբողջությամբ չորացել է, եւ գյուղը գտնվում է բնապահպանական աղետի շեմին»,- «Առավոտին» այսպիսի դժգոհություն են ներկայացրել Կուրթան գյուղի բնակիչները՝ մտահոգություն հայտնելով, որ ջրի բացակայության պատճառով գետի ամբողջ երկարությամբ գարշահոտություն է տարածվել: Գյուղացիների խոսքերով՝ եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում որ Կուրթան գյուղում տարածվի խոլերա հիվանդությունը: Ըստ նրանց՝ ՀԷԿ-ն անթույլատրելի օգտագործում է գետի ջրի 95 տոկոսից ավելին. «Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս անարխիան: Գյուղացիներին զրկել են ջրից, անասունները հիվանդանում՝ սատկում են: ՀԷԿ-ի պատճառով գետի ջուրը ցամաքել է, ճահիճ ու տիղմ է դարձել, անասուններն էլ խմում են՝ թունավորվում: Գոնե թողնեն ջրի 25-30 տոկոսը հասնի գյուղ: Պարզ չէ, թե ինչու, բոլոր վերադաս մարմինները այդ ՀԷԿ-ում ստուգումներ կատարելուց հետո լռում են»:
Նշենք, որ անցյալ տարի բնապահպանության նախարարության արագ արձագանքման աշխատանքային խումբը պատահական ստուգումներ է իրականացրել Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում գործող երեք փոքր ՀԷԿ-երում, այդ թվում եւ «Տիրակալ» ՍՊԸ-ին պատկանող «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայանում: Այս փոքր ՀԷԿ-ի ջրընդունիչ կայանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կայանից ջրի էկոլոգիական թողքը սահմանված նորմերից անհամեմատ ցածր է եղել:

Նախարարությունից վստահեցրել էին, որ այս դեպքով էլ կազմվել է արձանագրություն, եւ սահմանված կարգով կիրառվել է վարչական տույժ:

Չնայած տույժ-տուգանքին, ինչպես Կուրթանի գյուղացիներն են վստահեցնում՝ տնտեսվարողը շարունակում է գյուղը «ջրազրկել»:

Նկատենք, որ ՀՀ կառավարության 30.06.2011թ. 927-Ն որոշմամբ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի համար թույլատրվում է գետից դերիվացիոն խողովակների մեջ վերցնել 90%-ից ավելի ջուր: Ինչպես մասնագետներն են նշում, էկոլոգիական ստանդարտների համաձայն՝ գետից 20%-ից ավելի ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ 40%-ից ավելին՝ աղետալի վիճակի:

Ի դեպ, միայն 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ կառուցման համար լիցենզիա է տրվել 150 ՓՀԷԿ-ի: Իսկ փոքր ՀԷԿ-երի շահագործման լիցենզիան վավեր է 15 տարի:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031