ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նյութական օժանդակությամբ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խմբագրմամբ հրատարակել է պ.գ.դ., պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին 1941-1945թթ.» արժեքավոր գիրքը, որտեղ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի նյութերի, համապատասխան գրականության եւ մամուլի հիման վրա առաջին անգամ հայ պատմագիտության մեջ լուսաբանվում է Ջավախքի (հիմնականում՝ Ախալքալաքի շրջանի) հայության 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակցության հիմնահարցը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած, Փառքի շքանշանի երեք աստիճաններով պարգեւատրված եւ գեներալի ու ծովակալի կոչման արժանացած ջավախքահայերի կատարած սխրանքների, ինչպես նաեւ թիկունքի աշխատավորների հերոսական աշխատանքի վերհանմանը:
Գիրքը հպարտության մեծ զգացումներ է արթնացնում յուրաքանչյուր ջավախքահայի սրտում: Նկարագրված յուրաքանչյուր հերոսական դրվագ, անձնուրաց նվիրում եւ մարտական խիզախություն, որոնցով բնորոշվում են գրքում տեղ գտած կամ չգտած անձնավորությունները, ունի դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ արժեքային խառնաշփոթի պայմաններում վաղուց արդեն ժամանակի հրամայական են դարձել ջավախքահայ հերոսների օրինակելի վարքագծի ներկայացումը եւ պրոպագանդումը նորօրյա սերնդի շրջանում: Ի վերջո՝ այդ մարդիկ, պաշտպանելով Խորհրդային Միությունը, պաշտպանել են իրենց մայրերին ու քույրերին, իրենց գյուղն ու քաղաքը, իրենց հարազատ շրջանն ու երկիրը: Հանուն այդ արժեքների՝ շատերը կյանքով հատուցեցին, շատերը դարձան հաշմանդամ, շատերը մատնվեցին սովի, չքավորության, տեսան իրենց հարազատների զրկանքները, բայց պահպանվեց ամենակարեւորը, որը ոչ ոք չկարողացավ սպանել. դա հայի գաղափարական, ոգեղեն տեսակն էր, որը կռվեց, հաղթանակը տոնեց Բեռլինի պատերի տակ ու … կրկին մտավ Հայրենի Ջավախք: Ահա այս ոգու ամրության ու հարատեւության, տեսակի անսասանության գաղափարն է իր մեջ կրում սույն գիրքը, որն անհնար է կարդալ առանց հուզմունքի ու ներշնչանքի:
Խոնարհվե՛նք մեր հաղթանակները կռող գաղափարակիր հայորդիների ապրող եւ ապրեցնող հիշատակի առաջ:
ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
2.12.2014