Հայաստանում վերջապես բացվեց անվանի նկարիչ Գարիկ Սմբատյանի անհատական ցուցահանդեսը:
Հայաստանի վաստակավոր նկարիչ Գարիկ Սմբատյանի մոնումենտալ խճանկարները, որմնանկարները, ինչպես նաեւ բազմաթիվ յուղաներկ աշխատանքները վկայում են անվանի արվեստագետի՝ իբրեւ բազմաժանր ստեղծագործող լինելու մասին: Նրա գործերից շատերը հենց մեր աչքի առջեւ են, օրինակ՝ Մարտիրոս Սարյանի
տուն-թանգարանի ֆասադին տեղադրված «Հայաստան» խճանկարը, Ստեփանավանում՝ «Արգիշտին՝ որսի ժամանակ», Գյումրիում՝ «Գյումրվա հարսանիք», Սեւանում՝ «Աստղիկի ծնունդը» խճանկարները, մի շարք որմնանկարներ Երեւանում եւ Մոսկվայում: Նկարիչը նաեւ կոմպոզիցիոն կտավների, դիմանկարների, բնանկարների եւ այլ ժանրերում արված գործերի հեղինակ է: Առնվազն տարօրինակ է, որ նման «տրամաչափի» արվեստագետը հետմահու՝ 85-ամյակի առիթով միայն վերջերս ՀՀ նկարիչների միությունում ունեցավ առաջին անհատական ցուցահանդեսը:
Իմիջիայլոց, ինչպես նշեցին Գարիկ Սմբատյանի զավակները՝ նկարիչ Տիգրան Սմբատյանն ու լեզվաբան Նարան, 1968-ին նկարչի «Կոմիտասը» արգելվեց, բարեբախտաբար, որոշ ժամանակ անց այն ձեռք է բերում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: Կտավը մինչ օրս Մայր աթոռում է:
«Առավոտի» հետ զրույցում ճանաչված արվեստաբան եւ հավաքորդ Ռուբեն Անգալադյանը, խոսելով նկարչի մասին, նշեց. «Մինչ 2005թ. ծանոթ չէի Գարիկ Սմբատյանի աշխատանքներին: Առաջին անգամ ես դրանք տեսա որդու՝ նկարիչ Տիգրան Սմբատյանի արվեստանոցում: Տեսածս աշխատանքները չափով փոքր մի քանի նկարներ էին: Անշուշտ, դրանք ինձ համար անհայտ, բայց մի շա՜տ հետաքրքիր նկարչի գործեր էին: Դրանք իմ մեջ ամրապնդեցին այն համոզմունքս, որ Երեւանի հայտնի 60-ականները, որոնց այժմ բոլորը սիրում եւ բարձր են գնահատում, միանշանակ չեն եղել իրենց մտահղացումներում ու փորձարարության մեջ: Իսկ դա հոյակապ է, քանի որ հայկական գեղանկարչության՝ որպես ազգային մշակույթի առաջատար ճյուղերից մեկի ձեւավորման օբյեկտիվ պատկերը, ստանում է լրացուցիչ ու կարեւոր մանրամասներ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ գեղանկարչության պատմությունը կդառնա ավելի ծավալուն ու հարուստ: Իսկ Գարիկ Սմբատյանը մեկն է այն հակասական, մշտապես որոնումների մեջ գտնվող ու տաղանդավոր այն նկարիչներից, որը Վարոս Շահմուրադյանի, Ռուբեն Հովնաթանյանի, Մկրտիչ Քամալյանի հետ զարմանալիորեն դուրս է մնացել ներկայումս ճանաչում վայելող նկարիչների ցանկից»,- հայտնեց պարոն Անգալադյանը: Ապա հավելեց. «Սմբատյանի նման վարպետներին, անգլիական մշակույթի դիպուկ բնութագրի համաձայն, կոչում են «երկրորդ դասի հանճարներ»:
Կարդացեք նաև
Հայրական եւ մայրական կողմից ազնվատոհմ Սմբատովների եւ Մելիք Իսրայելովների շառավիղներից սերող Սմբատյանի մասին խոսելիս Ռուբեն Անգալադյանը նշեց նաեւ նրա՝ Թերլեմեզյանի ուսումնարանից հետո Սանկտ Պետերբուրգի Վ. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում սովորելու տարիների մասին: «Այդ շրջանում երկիրն ապրում էր ազատականության վերելքի մթնոլորտում: «Խրուշչովյան հայացքը» երիտասարդներին հավատ էր ներշնչել, որ իշխանությունները մշտապես հոգածություն են դրսեւորելու կյանքի այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են ընտրության եւ ինքնաարտահայտման ազատությունը: Կարճ ասած՝ Սանկտ Պետերբուրգը մի ինքնատիպ, հետաքրքիր ուսուցիչ էր հայ նկարչի համար»,- ասաց պարոն Անգալադյանը: Հետո էլ հավելեց. «Մտավորականությունը Սանկտ Պետերբուրգի առօրյա կյանքի կերպն էր, իսկ ինտելեկտուալ որոնումները՝ համաշխարհային մշակույթի ընկալման ձեւը: Սանկտ Պետերբուրգը կարծես նպաստում էր, որ ստեղծագործողները գտնեն իրենց «alter ego»-ն: Այդ քաղաքում էլ ծնվում է Սմբատյանների առաջնեկը եւ ընտանիքը տեղափոխվում է Հայաստան»: Արվեստաբանի խոսքերով՝ Սմբատյանը հայրենիքում ձգտել է մեծ գեղանկարչության: Հետագայում, իհարկե, նա որպես մոնումենտալիստ լրջորեն կզբաղվի արվեստի տարբեր ձեւերով, այդ թվում՝ խճապատկերներով ու միջնադարյան մանրանկարչությամբ: Ու հետեւելով մեծն Կորոյին, կարող էր կրկնել՝ «ես վերադառնում եմ անընդհատ եւ առանց որեւէ համակարգի, բայց եւ ոչնչի առաջ կանգ չեմ առնում»:
Ռուբեն Անգալադյանը նշեց, որ նկարիչը երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում, մինչեւ իր վախճանը՝ 2003թ., փորձել է պահպանել այն իրական զգացմունքները, որոնք անհրաժեշտ էին իր միակ հավատարիմ զրուցակցի՝ գեղանկարչության հետ մտերմիկ զրույցներ վարելու համար.
«Կյանքի վերջում վարպետը վերադառնում է կանացի մերկ բնօրինակին, որը խորհրդանշում է սեր ու գեղեցկություն, հենց ինքը՝ կյանքը: Այդպիսին էր նկարչի վերաբերմունքը ստեղծագործական կյանքի սկզբում եւ ավելի հասուն տարիներին, այն տարբերությամբ միայն, որ նախկինում նա կնոջ կերպարը տեսնում էր ավելի նեղ ընկալմամբ: Այո, հենց կնոջ կերպարը դառնում է վարպետի ստեղծագործական գործունեության վերջին ժամանակահատվածի ամենացանկալի եւ առաջնային շարժառիթը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
2.12.2014