Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը քեզ գրկաբաց չի ընդունի եւ չի կիսվի իր փափուկ աթոռով, փողերով»

Դեկտեմբեր 03,2014 13:30

Ասում է Էդգար Ռոստոմյանն ու հավելում, որ եթե ուզում ես մտնել սիստեմի մեջ, պետք է ինքդ դառնաս սիստեմ

Արդեն մեկ ու կես տարի է, ինչ բոլորի կողմից սիրված «Արմենոիդս» խումբը եթերում, միջոցառումների եւ այլ հավաքույթների ժամանակ չի երեւում: Իրականում խումբն այլեւս գոյություն չունի, խմբի անդամներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ «Արմենոիդսի» հիմնադիր-ղեկավար Էդգար Ռոստոմյանը, տարբեր երկրներում են ապրում: Պատճառները տարբեր են, ասեկոսեները՝ շատ: Իսկ իրականությանը ծանոթանալու համար «Առավոտը» կապվեց այս հիանալի երաժշտական նախագծի հիմնադիր-ղեկավար Էդգար Ռոստոմյանի հետ, որը այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

– Ո՞րն էր Հայաստանից տեղափոխվելու պատճառը, ինչքա՞ն ժամանակ ես այդտեղ ապրում, ե՞րբ ես մտադիր վերադառնալ հայրենիք:

– Արդեն մեկ տարի է, ինչ կնոջս հետ տեղափոխվել ենք ԱՄՆ: Տեղափոխվելու նպատակը կապված էր մեր երաժշտական, դերասանական, նաեւ կնոջս մոդելային գործունեության հետ, այսինքն՝ ուզում էինք տեղափոխվել աշխարհի ամենահզոր զվարճությունների ինդուստրիալ քաղաք՝ Լոս Անջելես: Չեմ ուզում շատ ծավալվել այս առիթով, բայց ասեմ, որ այս երկիրը մեծ փորձ ու դաշտ ունի այս բնագավառում եւ իզուր չէ, որ շատ ուրիշ ազգությունների հայտնի ռեժիսորներ, երաժիշտներ, դերասաններ, հենց այստեղից են ճանաչում ստացել, այնուհետեւ օգտակար եղել ամբողջ աշխարհին եւ իրենց հայրենիքին, սկսած Սպիլբերգից, Բրյուս Լիից, Շվարցնեգերից, անվերջ շարունակվող ցուցակով:

Ի տարբերություն շատ տեղերի՝ այստեղ երաժշտությունը, կինոարվեստը ոչ միայն պրոֆեսիոնալ աշխատանք է, այլեւ՝ ապրելակերպ: Հասարակությունը ձգվում է դեպի արվեստի այս ոլորտը եւ ցանցային սիստեմը չափազանց զարգացած է կոմպանիաներում, ֆիլմերի պրեմիերաներից կինոթատրոնների, համերգային դահլիճների մենեջմենթի, կոմպանիաների, բանկային կրեդիտների ոլորտը մեկ օրգանիզմի նման է աշխատում…Չկա այնպիսի օր, որ չմտածեմ վերադառնալու մասին, սակայն, ցավոք, այն բարդ բնագավառը, որ ես եմ ընտրել, ամբողջ սիստեմն այս երկրում է կառուցվել: Իմ մայրաքաղաքի համեմատ՝ այս երկիրը, չնայած 200 տարվա պատմություն ունի, ճարտարապետություն չունի, մեզ նման հին չէ, հարուստ պատմություն չունի, բայց փոխարենը այստեղ զարգացել է ամբողջ աշխարհից վերցված լավագույն ներուժը եւ կենտրոնացել ինդուստրիալ զվարճությունների քաղաքների ստեղծմանը: Պարադոքսալ իրականություն է, բայց սա է իրականությունը:

-Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ-ում «Արմենոիդս» խմբի հիմնադիր-ղեկավար Էդգար Ռոստոմյանը: Կա՞, արդյոք, հիմա «Արմենոիդսը», թե՞ հանդես ես գալիս իբրեւ անհատ կատարող:

– Իբրեւ նոր տեղափոխված ընտանիք, մենք այստեղ վերածնվեցինք: Նախ կատարելագործում ենք մեր լեզուն, մտել ենք այստեղի ապրելակերպի մեջ: Շնորհիվ իմ ընտանիքի լավ ընկերոջ՝ Սասուն Նալբանդյանի, այս երկիրը մեզ «Գրին քարտի» արժանացրեց իմ՝ երաժշտական աշխարհում ունեցած հաջողությունների համար: Օրվա առաջին կեսը ստիպված անցնում է ուրիշ աշխատանքի մեջ: Ճակատագիր էր երեւի, որ դժվար սկիզբը հետո ուղեկցվեց հաջողություններով: Հայկական մթնոլորտից չկտրվելու համար ես եւ կինս մասնակցում ենք այստեղի Glendale Life reality show-ին: Ճիշտ է, մեր մասնակցության չափը մեծ չէ, քանի որ այդքան ժամանակ, ցավոք, չունենք, բացի այդ, անկեղծ ասած, մեր հեռանկարները լրիվ ուրիշ տեղ են տանում, եւ մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ հաջողությանը հասնելու համար: Ուրախ լուրն այն է, որ գնել եմ չափազանց լավ աշխատանքային ստուդիայի տեխնիկա եւ ժամանակս ու աշխատած գումարներն արդեն հերիքում են գծագրել նոր պրոյեկտը:

– Կներկայացնե՞ս քո հետագա ծրագրերը: Արդյոք համերգների, նոր երգերի, տեսահոլովակների տեսքով նորություններ ունե՞ս:

– «Արմենոիդսը» որպես խումբ, ցավոք, էլ չկա, մենք՝ յուրաքանչյուրս տեղափոխվել ենք մի երկիր. Ռուբենը՝ Մոսկվա, Լենան՝ Վաշինգտոն, DC Սերգեյն ու Մադլեն Ասրյանը մնացին Հայաստանում: Չգիտեմ՝ կհավաքվե՞նք միասին բոլորս, թե՞ ոչ, բայց որ շուտով ես հանդես կգամ նոր երաժշտական նախաձեռնություններով, հիմք դնելով իմ ստեղծած «Արմենոիդսի» ոճը, դա ակնհայտ է: Ժամանակն էր «Արմենոիդսի» գործունեությունը տեղափոխել համաշխարհային լեվլ: Ճիշտ է, արդյունքում մենք ունեցանք կորուստներ, բայց գիտելիքն ու անցած պրակտիկան շատ ավելի ուժեղ է, պրոֆեսիոնալ է դարձրել ինձ՝ արդեն հաշվի նստելու լուրջ կոմպանիաների հետ, որոնցից են Warner Music-ը, Sony-ն, Universal-ը, EMI-ին, Capitol Records-ը: Եթե ուզում ես մտնել սիստեմի մեջ, պետք է ինքդ դառնաս սիստեմ, ոչ մեկը քեզ գրկաբաց չի ընդունի եւ չի կիսվի իր փափուկ աթոռով ու փողերով: Այստեղ ես աշխատում եմ ստեղծել դա եւ վստահ եմ՝ առաջինը իմ մեջքին կանգնած կլինեն հայ եւ հրեա համայնքները:

– Ե՞րբ ես նախատեսում հանդես գալ համերգներով:

– Անցել է մեկ ու կես տարի, մեզ համար արագ է թռչում ժամանակը, սակայն արդեն ոտքի ենք կանգնել, եւ աշխատում եմ հնարավորինս հզոր աշխատանքներով հետ վերադառնալ: Կարծում եմ՝ 2015 թվականը կպայմանավորվի վերադարձով: Բացի այդ՝ ես պարտք ունեմ աշխարհին պատմելու հայ եւ հրեա ժողովուրդների անցած դարի ճանապարհի մասին:

Զրուցեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031