Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազի եւ Գյումրիի ջազ լսողների մասին

Դեկտեմբեր 03,2014 12:30
jazz

Սեւամորթ ստրուկների թախծոտ երգերի եւ անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձեւավորման բարդ ուղի: Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թվականին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բենդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա` Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բենդերի» գործունեության հետ։ Հայաստանում ջազը 75 եւ ավելի տարիների պատմություն ունի: Եթե մայրաքաղաքում ջազի նկատմամբ հետաքրքրությունը եւ սերը շատ մեծ է, ձեւավորումն էլ տասնյակ տարիների պատմություն ունի, ապա արվեստների մայրաքաղաքում` Գյումրիում, ջազը սկսեց զարգանալ վերջին տարիներին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ Մկրտիչ Մանուկյանը՝ վերջին երկու տարիներին Գյումրիում բավականին շատացել է ջազ լսողների թիվը. «Գյումրին միշտ էլ որակով երաժշտություն է լսել, ուղղակի երկար տարիներ առիթ չի եղել ջազ համերգներ կազմակերպել: 2012 թվականից մենք սկսեցինք «Ջազը եւ Գյումրին» նախագիծը: Դրանից հետո ստեղծվեց նաեւ ջազ ակումբը: Մեկ տարի անց ակումբը ընդլայնեցինք եւ հիմա գյումրեցիները հնարավորություն ունեն կենդանի հնչողությամբ համերգներ ունկնդրել՝ արդեն մեծ եւ ավելի հարմարավետ ակումբում: Ճիշտ է, տարիքային սահմանափակում չկա, բայց մեր հաճախորդների հիմնական մասը երիտասարդներ են»:

Հաճախակի այցելելով երեւանյան ջազ ակումբներ ու ինչու չէ՝ նաեւ բարի նախանձով «լցվելուց» հետո, Մանուկյանը որոշել է Գյումրիում ջազ ակումբ բացել: Նա նշեց, որ հիմնականում ինքն է ընտրում երաժիշտ -կատարողներին՝ հաշվի առնելով ակումբ այցելողների նախասիրությունները: Լինում են նաեւ դեպքեր, երբ կատարողներն իրենք են ցանկություն հայտնում ելույթ ունենալ ջազ ակումբում: Իսկ թե որքանով են գնահատում ու հասկանում ջազից գյումրեցի ջազի սիրահարները, մեր զրուցակիցը մեկնաբանեց այսպես. «Մի մասն իրոք հասկանում է, մյուս մասն էլ՝ ձգտում է հասկանալ: Մյուս կեսն էլ ձեւի համար է գալիս: Բայց ես ուրախ եմ՝ թեկուզ ձեւի համար, բայց թող գան. նրանց մեծ մասը ժամանակի ընթացքում կհասկանա ու կսիրի ջազը»:

Մանուկյանը խոսեց նաեւ «Ջազ ինֆո» թերթի մասին, որը «Ջազը եւ Գյումրին» նախագծի մի մասն է կազմում: «Թերթը լույս է տեսել 200 տպաքանակով, որն անվճար բաժանվել է Հայաստանի տարբեր ջազ ակումբներում,- ասաց նա ու ավելացրեց,- ինչ-ինչ պատճառներով այսօր թերթի հրապարակումը դադարեցրել են, բայց հաջորդ տարի այն կրկին լույս կտեսնի»:

Գյումրեցի երիտասարդ երաժիշտ Արմեն Հովհաննիսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այսօր Գյումրու երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է տեսնում բարձրորակ երաժշտության հանդեպ. «Ինչ վերաբերում է ջազին, ես որպես երաժիշտ գոհ եմ ունկնդիրներից, նրանց ցուցաբերած հետաքրքրությունն այս երաժշտության նկատմամբ մեզ էլ ավելի է ոգեւորում մեր հետագա աշխատանքում: Ինձ թվում է՝ բոլորս էլ գիտենք, որ ջազ երաժշտությունը լիովին կոմերցիոն լինել չի կարող, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհը հեղեղված է դյուրամարս, մարդուն մտածելու տեղիք չտվող եւ անորակ երաժշտությամբ»: Երիտասարդ երաժիշտը կարծում է, որ ջազը բարդ, բայց միեւնույն ժամանակ հետաքրքիր ժանր է: «Անպես է ստացվել, որ բոլոր լավ երաժիշտները պետք է գնան Երեւան, որպեսզի ավելի լավ ճանաչում գտնեն եւ ինչու չէ՝ գումար վաստակեն: Ես՝ որպես գյումրեցի, ուզում եմ, որ մեր քաղաքում էլ ստեղծվեն բարենպաստ պայմաններ, որ մեր երաժիշտները եւ խմբերը մնան մեր քաղաքում՝ ստեղծագործեն, որովհետեւ մենք լրիվ ունենք այդ պոտենցիալը, ուղղակի պայմաններ են պետք: Ուստի կոչ եմ անում մեր մշակույթի նախարարին՝ դեմքով դառնալ դեպի արվեստների մայրաքաղաք Գյումրի»,- ասում է Արմեն Հովհաննիսյանը: Խոսելով նորաստեղծ բենդի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ հաջորդ համերգին ցանկություն ունեն նոր նախագծերով հանդես գալ, որտեղ հիմնական շեշտը կդրվի էթնիկ ստեղծագործությունների վրա. «Ընդհանրապես մեր բենդի հիմքը ժողովրդական երաժշտությունն է՝ համեմված ջազի, բլյուզի, ռեգիի եւ այլ ոճերի հետ, եւ խումբը իր առջեւ խնդիր է դրել, որ մեր երիտասարդների մեջ ներարկենք  իսկական ժողովրդական երգը` ժամանակակից ռիթմերի համադրումով: Որովհետեւ այսօր հայկական երգը շատ վտանգված է»:

ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031