Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեցգետնի արևադարձը»՝ Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ

Դեկտեմբեր 02,2014 22:01

Հայաստանի ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն այսօր  միավորել էր  տարակարծիք արձագանքներ ունեցող՝ շատ երկրներում տարիներ շարունակ արգելված գրականություն համարվող վեպերից մեկը՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձն» ու Հայաստանում՝ ոչ պակաս քննարկվող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ներկաները չհիասթափվեցին. քննարկումը միլլերական  թեժ ոճով անցավ՝ համեմված նախարարի մեկնաբանություններով ու դիտարկումներով:

Գիրքը քննարկելու էին եկել  մեծամասամբ երիտասարդները: Պարոն Աշոտյանը մինչ բուն քննարկմանն անցնելը նախ  գրքի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը ներկայացրեց. գիրքը միանշանակ պոռնոգրաֆիկ չէ և  այն  միայն էրոտիզմի  ժանրում դիտարկելը  նույնպես ճիշտ չէ: Բաց տեսարանները շատ են, սակայն գրքի արժեքն այլ է. «Երբ ստացա այս նախաձեռնությանը միանալու առաջարկը, ինձ ուղարկեցին  առաջադրված գրքերի ցանկը: Ես հասկացա. եթե ես չընտրեմ Հենրի Միլլերի գիրքը, ոչ ոք այն չի վերցնի: Ուղղակի դատապարտված եմ անդրադառնալ «Խեցգետնի արևադարձին»: Դարի  լավագույն հարյուր գրքերի ցանկում  ընդգրկված այս գիրքը, կարծում եմ, արժանի է Հայաստանում իր ընթերցողին  գտնելու: Եվ հետո, այն մի փոքր սխալ է  հասկացված.  մենք ընկնում ենք մարկետինգային ազդեցության տակ, երբ գիրքը չկարդացած, այն ընկալում ենք մեզնից առաջ կարդացածների պես:  Ես համարում եմ, որ ընթերցելիս յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի՝ սա ինչ գիրք է: Ուրիշի ազդեցության տակ գիրք ընտրել կարելի է, բայց գնահատական տալ պետք է ինքնուրույն»:

ԿԳՆ նախարարն ընթերցանությունն ամենաինտիմ  գործողությունը համարեց. դու ես ու  ընտրածդ ստեղծագործությունը: Ամենաանձնական, կամերային գործողություններից է ընթերցանությունը, քանի որ այդ ժամանակ  ինքդ քո հետ ես, իսկ կյանքում դա հազվադեպ է  պատահում:

Արմեն Աշոտյանը Միլլերի հետ «ծանոթացել է» սովետական ժամանակաշրջանում՝ նախ  փոքր չափաբաժիններով. 1990-1991 թվականներին ամսագրերից մեկում  աշխարհահռչակ  գրողի  գործերը մաս առ մաս տպագրվում էին:  Արմեն Աշոտյանն էլ ստիպված էր դրանք թաքուն ընթերցել. իր համար այլ ամսագրեր էին նախատեսված, սակայն Հենրի Միլլերից ձեռք քաշելն այդքան էլ հեշտ գործ չէր: «Խեցգետնի արևադարձը»  վերընթերցեց  այսօրվա հանդիպումից  օրեր առաջ՝ արդեն հայերենով ու անկեղծ նշեց. Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ գիրքը չի  տուժել, նախարարը գեղագիտական նույն հաճույքն է ստացել՝ լեզվի հարստության, կիրառման տեսակետից: Իսկ թարգմանչից իրոք վարպետություն է պահանջվում՝  ամենաթեժ տեսարանները մատուցելու ու գրողի լեզվամտածողությունն ըմբռնելու համար:

«Այն, որ առաջին հայացքից գրքի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, ակնհայտ է: Բայց եթե գիրքն ուշադիր ենք ընթերցում, տեսնում ենք, որ այն ամբողջությամբ  մարդու, մարդկային կյանքի քայքայման մասին է: Ինչո՞ւ «արևադարձ», որովհետև, ըստ իս, քայքայումը խրախճանքի նման է եղել. ազատություն, վայելք… Բնության հետ քայքայիչ ներդաշնակություն»,-ասաց նա:

Aravot.am-ի հարցին պատասխանելով ու խոսելով «արգելված գրականություն» երևույթի մասին,   Արմեն Աշոտյանը նշեց, որ   ինքը կարգելեր այն, ինչ իրոք պետք է արգելել՝ բռնություն, անհանդուրժողականություն, այլատյացություն, պոռնոգրաֆիա քարոզող նյութեր. «Վաղուց հայտնի է, որ խոսքն ավելի ուժեղ  զենք է, քան ատրճանակը: Եվ ակնհայտ է, որ խոսքի միջոցով տարածվող գաղափարաբանությունը՝ հատկապես տոտալիտար, ավտորիտար հասարակարգերում, եղել է ավելի վտանգավոր: Դրա համար ԱՄՆ-ում  ժամանակին զենքի  ազատ առուվաճառք թույլատրված է եղել, իսկ որոշ գրքերի՝ ոչ»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031