«Քանի դեռ քայլը արված չէ, պետք է սթափեցնես, մարդկանց օգնես տեսնել երեւույթները քսան տարվա հեռավորությունից»,- ասաց այսօր ընդդեմ ԵՏՄ-ի Ազգային ժողովի դիմաց ակցիայի մասնակիցներին միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը խորհրդարանում է, եւ առաջիկա օրերին դրա վավերականության քվեարկությունն է լինելու:
Պարույր Հայրիկյանն այսօր ԱԺ-ի մոտ էր եկել, ինչպես ինքն է ասում՝ պատգամավորներին զգաստացնելու համար. «Որոշել ենք պատգամավորներին ուղերձներ հանձնել: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հայ ժողովրդին հակաքաղաքակրթական ընտրության առջեւ կանգնեցրած Սերժ Սարգսյանը, օգտագործելով հայտնի ու անհայտ բոլոր լծակները, այժմ արդեն փորձում է Հայաստանը ռուսական կայսերապաշտության խաղալիքի վերածելու իր դավադրությանը մասնակից դարձնել Հայաստանի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամներին: Ներկա խորհրդարանը շատ հեռու է իրապես ներկայացուցչական մարմին կոչվելու մակարդակից, բայց փաստ է, որ այժմ Աժ պատգամավորներին է վերապահված հայ ժողովրդին նսեմացնելու կամ վերջնական կործանումից փրկելու մենաշնորհը: Մեր համոզմամբ, այդ քվեարկությունը ունի նաեւ մեկ այլ՝ զուտ մարդկային նշանակություն: ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարեւոր հարցի պատասխանն է տալու՝ այդ քվեարկությանն ինքը մասնակցել է որպես մա՞րդ, թե՞…»:
Կարդացեք նաև
Ըստ Պարույր Հայրիկյանի այդ պայմանագրի վավերականությանը կողմ, քվեարկող պատգամավորները ազգային դավաճաններ են, իսկ իրենց ուղերձով համարում է, որ պատգամավորները նախազգուշացված են այդ մասին եւ ապագայում կզրկվեն մեղմացուցիչ հանգամանքներից.«Իսկ որ հայրենիքի դավաճաններին դատարանն է սպասում, կարող եք չկասկածել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչ հայրենիք, ինչ դավաճան, ինչ բան…Պարզապես մութ են բոլոր ճանապարհները , կողմնացույց չունեք և նույն կետին հասնելու համար տարբեր ուղիներ եք ընտրում հենց նույն կետը շրջանցելու համար:Բոլոր ճանապարհներն են տանում դեպի…Կլոր է…Կլոր…