Տուժողներ Արթուր, Հայկ, Տաթևիկ և Էմմա Հակոբյանների, տուժողների իրավահաջորդներ՝ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան՝ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ առարկություններով, որը վերաբերում էր կրկնակի հանձնաժողովային և համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությանը:
«Ըստ տուժող կողմի, վթարի հետ ուղղակիորեն պատճառական կապի մեջ է գտնվում ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից մեքենան դեպի կողնակ դուրս բերելու հանգամանքը, ինչը պաշտպանական կողմը շարունակ վիճարկում է:
ԲՄՎ ավտոմեքենայի կողմից կողնակում կանգնած Նիվա ավտոմեքենային բախվելու հանգամանքը հիմնավորվում է հետևյալ ապացույցներով»-ասում է Ռ.Բալոյանը, հավելելով, որ ասվածը հիմնավորվել է «Նիվա» ավտոմեքենայի վարորդի և ուղևորների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ:
Ըստ Ռ.Բալոյանի առարկությունների, 21.10.2013թ. լրացուցիչ դեպքի վայրի զննության արձանագրության« սխեմայի համաձայն՝ Եղվարդ- Երևան ավտոճանապարհի աջ եզրից՝ 4,5մ երկարությամբ, 0.15մ լայնությամբ առկա է քերծվածքի հետք: Ֆոտոլրագրող Շամշյանի կողմից կատարված լուսանկարներից նույնպես ակնհայտ է, որ նշված հետքը սկիզբ է առնում ԲՄՎ ավտոմեքենայի առաջամասից և ավարտվում Նիվա ավտոմեքենայի հետևի աջ մասի տակ: Նշված հետքը վկայում է այն մասին, որ Նիվան երթևեկելի մաս է շպրտվել կողնակից:
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ փորձագետ Խ. Զաքարյանը դատարանում ցուցմունք տվեց, որ ցանկացած տ/մ ունի ծանրության կենտրոն: Փոխազդեցությունից հետո ավտոմոբիլը իր շարժման ուղղությամբ կարող է շպրտվել իր ծանրության կենտրոնով ուղիղ ուղղությամբ: Մասնավորապես, կողնակում Նիվան հետևից հարված ստանալուց հետո, մեքենան ծանրության կենտրոնը, ուղղությունը վերցնում է ուղիղ: Բախման տեղից մինչև հետվթարային դիրք, մեքենայի ծանրության կենտրոնը շարժվում է ուղիղ ուղղությամբ: Մեքենան պտույտը ստանում է ի հաշիվ ծանրության կենտրոնից դեպի աջ ներհրված ուժի արդյունքում, ինչը ստեղծում է ոլորող մոմենտ դեպի ձախ ուղղությամբ: … Այո մեքենան 180 աստիճանի տակ պտույտի դեպքում պետք է ծանրության կենտրոնով շարժվեր ուղիղ»:
Տուժող կողմը վկայակոչեց փորձագետին, որը «հերքեց պաշտպանի այն պնդումները, թե վթարը տեղի է ունեցել երթևեկելի մասում, իսկ Նիվան բախումից հետո իր առանցքի շուրջ, տեղում պտտվել է 180 աստիճան ու կանգ առել, քանի որ դա հակասում է ֆիզիկայի օրենքներին»:
Տուժողի ներկայացուցիչը մեկ անգամ եւս պնդեց, որ մեքենաների բախումը տեղի է ունեցել կողնակում:
Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ փորձագիտական ճանապարհով ընդամենը ստուգվել է, թե որքանով է այն համապատասխանում, կամ տեղավորում վթարի մեխանիզմը բնորոշող մյուս ցուցիչների հետ.«Եվ իհարկե այստեղ կարևոր է թե դեպքի վայրում թափված ապակու, պլաստմասե կտորները, այլ դետալները, և թե ավտոմեքենաների հետվթարային դիրքերը:
Այսինքն, փորձաքննությամբ քննիչի կողմից որպես ելակետ առաջադրված մեքենաների բախման վայրը համադրվել է դեպքի վայրի զննության արձանագրությամբ ֆիքսված այլ տվյալների, ավտոմեքենաների բախման անկյան հետ, արդյունքում որևէ հակասություն ի հայտ չի եկել»:
Անդրադառնալով, բախման վայրը դեպքի վայրում նույնացնելուն, երթևեկելի մասում Նիվա ավտոմեքենայից թափված հեղուկի հետ, նա ասաց.«Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ. «Շարժվող մարմնից արտահոսող հեղուկը ինքը հենց էդպես չի արտահոսում ու կանգնում: Հատկանշական են դիտվում ընդհարման հետևանքով թափված հեղուկները, որոնք շփվում են երթևեկելի մասով, ցփվում են կաթիլային տեսքով, շիթերի տեսքով: Հիմա, ըստ էության, հեղուկին նայելուց ես կարող եմ կարծիք կազմել, որ ընդամենը կանգնած օբյեկտից արտահոսած հեղուկ է:
Այսպիսով, փորձագետի հարցաքննությամբ հերքվեց նաև պաշտպանական կողմի պնդումներն առ այն, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում, որտեղ առկա է Նիվա ավտոմեքենայից արտահոսած հեղուկ»,-ասաց Ռ.Բալոյանը:
Բալոյանն իր առարկություններում հերքեց նաեւ պաշտպանական կողմի այն պնդումը, որ ընդհարումը տեղի է ունեցել բանուկ մասում, հեղուկի թափված տեղում ևս անհիմն է, քանի որ թափված հեղուկի տեղը և ԲՄՎ-ն միմյանց նկատմամբ զուգահեռ են և իրարից գտնվում են 5,7 մետր հեռավորության վրա:
Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ ժ.18.15-ին, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ