Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջությամբ բացահայտվել է Ալավերդի քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ավազակային հարձակումը

Դեկտեմբեր 02,2014 19:32

Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է ավազակային հարձակմանը մասնակցած երրորդ անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ` անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նկատի ունենալով քրեական գործի բարդությունը և ծավալը, ինչպես նաև այն, որ անհրաժեշտ էր` միաժամանակ կատարվեին մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից նույն վարչության և Թումանյանի բաժնի քննիչներից 2014 թվականի նոյեմբերի 20-ին կազմվել է քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը:

Կատարված քննչական գործողություններով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել ոսկյա զարդեր:

Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո, ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Քննության շրջանակներում պարզվել է նաև, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և կատարված հանցագործությունից ժամեր անց Ալավերդի քաղաքի «Լենհանքեր» թաղամասի ճանապարհից երկու հոգին հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 23:45-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:

Վանաձորի բնակիչ Հ.Մարգարյանը և Երևանի բնակիչ Ա.Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել են` ավազակություն կատարելու կասկածանքով։ Միաժամանակ նրանց բերման ենթարկելուց անմիջապես հետո, տեղանքի զննությամբ, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման վայրից հայտնաբերվել և առգրավվել են հափշտակված ոսկյա զարդերը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2014 թվականի նոյեմբերի 20-ին, «Ջիլիզա» անտառտնտեսության տարածքից հայտնաբերվել է ավազակություն կատարած անձանց «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի հաշվառման համարանիշը, աննկատ մնալու նպատակով, քողարկված է եղել փայտիկներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մարտիրոսյանին և Հ.Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 22-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նույն օրը նրանց նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև երրորդ մասնակցի ինքնությունը և որ նա հանդիսանում է Սերիկ Հովհաննիսյանը:

2014 թվականի դեկտեմբերի 01-ին Սերիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031