ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե ամեն օր հանդիպում են խոչընդոտների, որոնք առկա են նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս մասին են վկայում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց՝ բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ամփոփող զեկույցը ներկայացվեց այսօր՝ «Անի Պլազա» հյուրանոցում:
Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել ՀՀ բուհերում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող կրթական ծառայությունների հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները, մշակել առաջարկություններ և ծրագրեր:
Մոնիթորինգ-հետազոտությունն իրականացվել է երևանյան պետական, ոչ պետական և միջպետական 5 բուհերում (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, «Հայբուսակ» Երևանի համալսարան):
«Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ բուհերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն: Շենքի հատակի ռետինե բաժանարարները, լայն մուտքով խոսող վերելակը, Բրայլի այբուբենով հասանելի նյութերը, շենքի հարթ մուտքը, թեքահարթակն այն կարևորագույն հարմարեցումներն են, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց հարմարվելու միջավայրին և ունենալու անխոչընդոտ աշխատանքային պայմաններ»,- ասում է «ԷԽՈ» ՀԿ նախագահ և ծրագրի հեղինակ Սերյոժա Օհանջանյանը: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խնդիրները շատ հեռու են լուծված համարվելուց:
Կարդացեք նաև
Բացի այդ, կարևորագույն խնդիր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դրսևորումը: Զեկուցման մեջ նշվում է, որ ինչպես հասարակական կյանքի բազմաթիվ բնագավառներում, այնպես էլ կրթության ոլորտում, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կա քամահրական, խտրական վերաբերմունք. «Քիչ թե շատ հարմարվող մարդ եմ, բայց, իսկապես, ուսման առաջին տարին շատ դժվար էր ինձ համար: Ինձ դասավանդող դասախոսներից մեկն ասում էր, որ խնդիրը իմ հաշմանդամության մեջ է…»,- զեկուցման մեջ հիշում է լսողության խնդիր ունեցող մի ուսանող, որի անունը նշված չէ:
Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում հարցումներին մասնակցած դասախոսների 13%-ը գտնում է, որ ամենևին էլ պարտավորված չէ և իրավունք ունի ուսումնական ծառայություններ չմատուցել հաշմանդամություն ունեցող ուսանողներին, իսկ 67%-ը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող ուսանողները հաշմանդամություն չունեցող ուսանողների հետ, դասախոսի կողմից պետք է ստանան կրթական ծառայություններ՝ իրավահավասարության սկզբունքով:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ