Դեկտեմբերի 2-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին:
Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «IBM» ընկերության հաճախորդների կենտրոնի ղեկավար, Հայաստանում «IBM»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի համակարգող Գայանե Հարությունյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:
Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է Կիրիլ Կորնիլևին նույն օրը ՀՀ կառավարության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու առիթով, ըստ որի կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունը հենվում է գիտելիքի ու նորարարության վրա, և նախարարությունը պատրաստ է «Այ Բի Էմ» ընկերության հետ քննարկել համագործակցության հնարավոր ձևաչափը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի համար` «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը նշել է, որ ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում «Այ Բի Էմ»-ի նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն հիմնել, որտեղ նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների վերապատրաստում, հետազոտական աշխատանքների իրականացում, ինչպես նաև սկսնակ կազմակերպությունների համար անցկացնել «Այ Բի Էմ» մրցույթ:
Կարդացեք նաև
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել նորարարական կենտրոնի հիմնման ծրագրի վրա, ինչպես նաև «Այ Բի Էմ» ընկերության հետ համատեղ շարունակական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման այլ հնարավորություններ գտնել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն