Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՀՀԿ-ն եւ ՔԱՆ-ը համատեղ քննարկել են ժողովրդավարացման գործում կուսակցությունների ու քաղաքացիական հանրության դերի խնդիրը

Դեկտեմբեր 02,2014 18:44

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) հետ համատեղ անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ավտորիտար երկրների ժողովրդավարացման ուղիները. ինստիտուտներ, արժեքներ, սկզբունքներ: Կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության դերը»: Հրավիրված էին փորձագետ-վերլուծաբաններ, հասարակագետներ, քաղաքացիական հոսանքների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Քննարկումը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՔԱՆ համակարգող Հրայր Մանուկյանը: Պետությունների կայացման գործում հանրակարգերի, արժեքների ու սկզբունքների դերակատարությանն անդրադարձավ մշակութաբան Աղասի Թադեւոսյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանում բուրժուազիան կրում է «էթնիկական ազգի», ոչ թե «քաղաքացիական ազգի» արժեքները, որն էլ հանդիսանում է Հայաստանի՝ որպես բուրժուադեմոկրատական պետության կայացման խոչընդոտներից մեկը ու հանգեցնում նրան, որ բուրժուազիան սեփական պետությունը կայացնելու փոխարեն սկսում է փնտրել արտաքին հովանավորներ: «Մեր բուրժուազիան գտնվում է պաշտպան փնտրելու փուլում: Շատ մեծ բարեհաճությամբ ընդունում է ռուսական պետության հովանավորությունը, այդ կերպ տեսնելով իր վերարտադրության հիմնական երաշխիքը»,- նշեց Թադեւոսյանը:

Իսկ թե իրավական պետության կառուցման սանդղակում ինչ տեղ է զբաղեցնում կուսակցությունների եւ հանրության գործոնը՝ իր զեկուցման մեջ հետաքրքիր վերլուծություն ներկայացրեց ՌԱՀՀԿ գիտական մասի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Հայաստանում 1992թ.-ից գոյությունի ունի մեկ մոբիլիզացնող գաղափար` իշխանափոխություն, բայց այս խնդիրը չի տարանջատվել համակարգային փոփոխությունները կատարելու խնդրից, արդյունքում չի կայանում հանրապետությունը կամ իրավական պետությունը»,- համոզված է քաղաքագետը:

Իր հերթին հրապարակախոս Վարդան Ջալոյանը փորձեց վերհանել օլիգոպոլացված տնտեսության եւ կուսակցական համակարգի փոխառնչությունների համատեքստը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կուսակցությունները իրենց պատկերացնում են պետության հետ սերտաճած՝ առանց սեփական շահերի հստակ գիտակցման, ավելի շատ հենվում են ղեկավարների, ոչ թե ակտիվիստների եւ իրենց ասելիքը հանրությանը հասցնում են մամուլի, ոչ թե կուսակցականների միջոցով:

Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին եւ կարծիքների փոխանակմանը մասնակցեցին արվեստագետ Արման Գրիգորյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, փորձագետ Էդգար Վարդանյանը  եւ ուրիշներ:

Քննարկմանը ներկա էր նաեւ ՌԱՀՀԿ-ի եւ ՔԱՆ-ի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով` Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

 ՌԱՀՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031