Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին գերակա հարցադրումը՝ ԵՏՄ-ին անդամակցության օգուտների դիտարկումն է: Հ. Նաղդալյան

Դեկտեմբեր 02,2014 18:36

Ազգային ժողովում այսօր շարունակվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի շուրջ քննարկումները: Մի շարք մանրամասների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, մեր հանրությանը, հատկապես մտահոգում է, թե ԵՏՄ-ին անդամակցելով ի՞նչ ապրանքատեսակներ կթանկանան և առհասարակ կցանկանայինք ճշտել Ձեր վերաբերմունքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ:

-Կարծում եմ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը պետք է մոտենալ շատ ավելի լայն տեսլականի իմաստով, քան լոկ սպառողական շուկաներում հնարավոր փոփոխությունների տեսակետից: Սպառողական շուկաները ենթարկվում են բազմաթիվ ազդեցությունների տարբեր կողմերից, ուստի կենտրոնանալ զուտ մեկ հարցի վրա՝ գները կթանկանան թե կէժանանան՝ գլոբալ ռազմավարական խնդրին սահմանափակ հատվածային մոտեցման ձև է: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ գերակա հարցադրում եմ համարում՝ ինչ օգուտներ կարող ենք ունենալ ԵՏՄ-ին անդամակցելով, ինչ հնարավորություններ են մեզ համար բացվում ինտեգրացիոն այդ միությունում և ինչ պետք է անենք, ինչ քաղաքականություն վարենք , որպեսզի կարողանանք օգտագործել այդ հնարավորություններն ու կանխատեսումները  և ակնկալիքները շոշափելի իրականություն դառնան: Սա առանցքային մոտեցում է և այս պահին գլխավոր հարցն է, կարծում եմ:

Որքան արագ , օպերատիվ և արդյունավետ ձևերով մենք կարողանանք այս հարցերին պատասխանել և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՝ արտադրություններ ընդլայնելով, նոր՝ ԵՏՄ անդամ երկրների շուկաներում սպառվող ապրանքատեսակների արտադրություններ հիմնելով, կոոպերացիաներ հիմնադրելով և կայացնելով, այնքան ավելի շուտ մենք կունենանք ռեալ արտադրության և արտահանման աճ, տնտեսվարողների մոտ շահութաբերության աճ, աշխատանքի վարձատրության աճ և ի վերջո բարեկեցության բարձրացում:

Բայց և այնպես, ես հասկանում եմ նաև մեր սպառողական շուկաներում գների բարձրացման վտանգի վերաբերյալ մտավախությունը, որը հնչեցվում էր քննարկումների ժամանակ, սակայն ուզում եմ ընդգծել, որ բնականաբար, այդ բոլոր վերլուծությունները կատարվել են պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից: Եվ շուրջ մեկ տարվա այս նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների նպատակներից մեկը եղել է նաև սպառողի համար այդ հնարավոր վտանգների չեզոքացումը, այդ ուղղությամբ բանակցվել և համաձայնեցվել է՝ երկուսից մինչև ութ տարով մի շարք ապրանքատեսակների համար բացառումներ, որպեսզի մաքսատուրքերի փոփոխությունների արդյունքում չառաջանա գների աճ:

Բացի այդ , չպետք է մոռանալ արդեն իսկ Ռուսաստանի կողմից գազի, նավթամթերքների, այսինքն՝ համակարգաստեղծ  ապրանքատեսակների՝ ՀՀ-ի համար  սահմանած արտոնյալ գները, որոնք  պայման են սպառողական շուկաներում գների զսպվածության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031