ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե մի շարք հակասություններ, թարգմանչական սխալներ է գտել պայմանագրի տեքստում: Նա հստակեցրեց. «Օրինակ, ռուսերեն տարբերակի երկրորդ ու չորրորդ կետերը հստակ են, հայերենում բառ եք բաց թողել»: Պատգամավորը բարձրացրեց նաև այլ միջազգային պայմանագրերի հետ ԵՏՄ պայմանագրի հակասության հարցը: Այս առիթով Սուրեն Կարայանը պատասխանեց. «Բոլոր այն կոնվենցիաները, որ կան ԱԺ օրակարգում, ոչ մի հակասություն չունեն այս համաձայնագրի հետ»:
Արամ Մանուկյանը հետաքրքրվեց` զգայուն հարցերն ընդհանո՞ւր են բոլոր անդամ պետությունների համար, պարոն Կարայանը պատասխանեց , որ դրանք նույնն են լինելու բոլոր պետությունների համար:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց` ՀՀ-ում ներկայիս թանկացումները, դրամի արժեզրկումը ինչքանո՞վ են կապված տնտեսական ինտեգրացիայի հետ, պարոն Կարայանը պատասխանեց. «Թանկացումները ոչ մի կապ չունեն մեր ինտեգրացիոն գործընթացի հետ: Թանկացած ապրանքների մեջ կան այնպիսինները, որոնք տեղական արտադրության են: Հստակեցնում եմ` ապրանքների թանկացումները ներքին շուկայում այլ բան է, մաքսատուրքի դրույքաչափերի բարձրացումը` այլ»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց` ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծված ավտոմեքենաների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու: Սուրեն Կարայանը պատասխանեց. թե գործելու է սերտիֆիկացման մեկ միասնական համակարգ: Այնուհետև մեքենաների հարցի կապակցությամբ հստակեցրեց. «Մինչև 2014-ի հոկտեմբերի 10-ը ներմուծված և մաքսազերծված ավտոմեքենաները մաքսային միության ապրանք կհամարվեն, ինչը նշանակում է` դրանք կարող են տեղաշարժվել, վաճառվել առանց մաքսազերծման»:
Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց հղեց համազեկուցող Վարդան Այվազյանին` հետաքրքրվելով ԵՏՄ պայմանագիրը ի՞նչ առավելություն ունի մյուս միջազգային պայմանագրերի նկատմամբ, պարոն Այվազյանը պատասխանեց. «Այդ պայմանագրերը միայն ապրանքների առևտուրն են անմաքս վիճակով սահմանում, այս պայմանագրով ոչ միայն ապրանքները, այլև ծառայությունները, կապիտալը, աշխատուժը»:
ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ հանդես եկավ նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվեց` մենք ինչպե՞ս ենք վարվելու, եթե Ղազախստանը և Ղրղըզստանը պնդեն, որ ՀՀ-ի և Արցախի միջև լինի մաքսակետ: Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այդ խնդիրները կային նաև Եվրամիության հետ մեր ասոցացման համաձայնագրում: Բնականաբար հայ-ադրբեջանական հարաբերություններն ունեն նաև իրենց ածանցյալ հարաբերությունները՝ տվյալ պարագայում Ադրբեջանի քաղաքականությունն է այն, որ երկար ժամանակ միտված է եղել ՀՀ տնտեսական մեկուսացմանն ու թուլացմանը, բայց դա այս համաձայնագրի շրջանակներում ևս հնարավոր չի լինելու իրականացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ