Այսօր Կապանից-Երեւան ուղեւորված վարորդներից ահազանգ ստացանք, որ կեսօրին Գորիս-Կապան ճանապարհի Կարմրաքարից դեպի Շուռնուխ ընկած հատվածում առկա մերկասառույցի հետեւանքով` վթարներ են արձանագրվել, մոտ 25-30 ավտոմեքենա էլ 1 ժամից ավելի արգելափակվել էր եւ չէր կարողանում տեղաշարժվել:
«Մի քանի օր առաջ տեղացած ձյունը սառել էր ճանապարհին ու սառած ճանապարհի հետեւանքով երկու վթար էր եղել, բեռնատար մեքենա էր խցանվել, ինչի հետեւանքով մոտ երեք տասնյակ մեքենա արգելափակվել էր ճանապարհին: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները եղան տեղում, արձանագրեցին վթարը: Մոտ 1-1.5 ժամ տեւեց մինչեւ ճանապարհն անցանելի դարձավ: Մի գրամ աղ ու ավազ չկար ճամփին, անմշակ էին թողել… » , – ասաց կապանցի վարորդ Արմանը:
Ճանապարհը սպասարկող Կապանի ճանապարհաշինարարական ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Առուստամյանը մեզ փոխանցեց, որ ահազանգ ստանալուց հետո աշխատանքային խումբը քսան րոպե անց դեպքի վայր հասավ եւ աղ ու ավազով մշակեց դժվարանցանելի ճանապարհահատվածը: «Ճանապարհը թաց էր մինչեւ այդ, աղ ու ավազով մշակելու կարիք չկար, բայց սառը հոսանք մտավ ու արագ մերկասառույց կապեց: Մենք շրջիկ խումբ ունենք, 52 կմ ճանապարհահատվածում շրջում ենք, որտեղ անհրաժեշտություն է լինում` մշակում ենք: Հենց հիմա մեքենաներն աղ ու ավազով բարձած ենք եւ կրկին դուրս ենք գալիս շրջայցի» , – ասաց նա:
Այսօր սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի էր նաեւ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով` Սյունիքի մարզի մյուս տարածաշրջաններում ճանապարհները բաց էին եւ երթեւեկելի:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ