«Ականատես ենք լինում, թե ինչպես է դրամը գասպարավարի լող տալով սկում, իսկ դոլարը դրամի լողացող կուրսում ձկան պես ազատ լող տալիս»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջանը հայտարարեց. «Այսօր մի պատմական ժամանակաշրջան ենք ապրում, երբ քննարկվում է մի պայմանագիր, որը ՀՀ-ն տանում է դեպի անկման ու բռնակցման մի միավորի, որի ապագան նույնպես մշուշոտ է»:
Տիկին Փոստանջյանը նկատեց, թե խորհրդարանական ոչ իշխանական խմբակցություններին այդպես էլ չի հաջողվել պատասխան տալ, թե ինչպես պիտի ազատվենք ՀՀԿ-ից և Սերժ Սարգսյանից ու հավելեց. «Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը հրավիրում է քաղաքացիական ժողովի, որպեսզի ձևավորվի միասնական ազգային օրակարգ, քանի որ գարնանը մեզ սպասում են լուրջ քաղաքական իրադարձություններ և չի բացառվում, որ յուրաքանչյուրիդ դուռը թակի սովը»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարության տեքստում իր մտահոգությունը հայտնեց դրամի թռիչքային արժեզրկումների մասին ու ասաց. «Նման քաղաքականությունը ձեռնտու է պաշտոնյա-օլիգարխների համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սրա համար էլ դրամի անկման երևույթներ են տեղի ունենում: Փոխանակ ապահովեն դրամի սահուն ու աստիճանաբար արժեզրկումը, իշխանություններն ամեն գնով փորձում են արհեստականորեն ուժեղ պահել դրամը: Ելքը մեկն է՝ ժողովրդի ցասումը, Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրումը և ազատ ու արդար ընտրությունները»:
Կարդացեք նաև
Լևոն Զուրաբյանից հետո հայտարարությամբ հանդես գալուց առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը արձագանքեց. «Տո այ քաղաքական չկայացած սուրհանդակ, դու ի՞նչ տնտեսական վերլուծություն անող ես»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ