Ռուբեն Բալոյանը նախորդ նիստում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության դեմ իր գրավոր առարկությունները ներկայացնելուց հետո հանդես եկավ նաեւ բանավոր հայտարարությամբ. «Այս մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել եմ տուժող կողմի, հանգուցյալների հայրերի հետ: Ինքս ինչքան հնարավոր է, կարողացել եմ ասել, որպեսզի լրացուցիչ վիճաբանությունների առարկա չդառնա, խնդրել եմ, որպեսզի կողմերը ձեռնարկեն հաշտության քայլեր»:
Վարդան Պետրոսյանը կարեւորեց տուժողների իրավահաջորդների, տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ասածը՝ հաշտության հետ կապված:
Նա ասաց, որ դատարանում մտքերի կռիվ է, եւ անկախ այն բանից, թե փորձաքննություն կնշանակվի, թե չի նշանակվի՝ կողմերի համար կարեւոր է ամեն մի քայլ, որը կտանի հաշտության:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը, մինչ դատարանը կգնար խորհրդակցական սենյակ՝ ասաց, որ իրենց միջնորդության մեջ բարձրացվել է 19 հարց, եւ դատարանից ակնկալում է իմանալ, թե արդյոք այդ հարցերը վերաբերելի՞ են մեղադրանքին, թե ոչ:
Կարդացեք նաև
«Միայն փաստաթղթային տարբերակով գործի քննությունն արգելվում է». պաշտպանը հիշեցրեց նախադեպային միջազգային դատընթացների մասին, եւ ասաց, որ նախաքննության փուլում մի կողմը ունեցել է հնարավորություն մասնակցել փորձաքննությանը, օգտվել իր իրավունքներից, իսկ պաշտպանական կողմը զրկված է եղել անգամ հարցեր տալու հնարավորությունից:
Կոտայքի մարզի դատարանում նախորդ դատական նիստի ժամանակ Ն. Բաղդասարյանը միջնորդել էր, որպեսզի անցկացվի կրկնակի հանձնաժողովային եւ համալիր ավտոտեխնիկական, դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն:
Միջնորդության ժամանակ նշվել էր, որ ըստ «Աքիլլես» հասարակական կազմակերպության կողմից տրված մասնագիտական կարծիքի՝ «սխեմայում արտացոլված որոշ չափսեր չեն համապատասխանում «Գոլդն Լեքս» ՍՊ ընկերության կողմից նույն տեղանքը էլեկտրոնային տախտոմետրով չափագրման արդյունքում ստացած գծագրին»: Բացի այդ, ըստ Ն.Բաղդասարյանի, քննիչի կողմից կազմված երկու գծագրերում բացակայում են հետքերը՝ երկու մեքենաների անիվների եւ այլ դետալների կողմից թողնված հետքերը, որոնք առկա են լուսանկարներում:
Այս հարցի հետ կապված մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ «Աքիլլեսի» չափումները չեն դրվել սխեմայի հիմքում:
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի առարկությանը՝ կապված թույլատրելի արագության գերազանցման հետ, մեղադրող Ա.Սարգսյանը մեջբերումներ արեց մեղադրական եզրակացությունից, մասնավորապես, «ԲՄՎ ավտոմեքենայի վարորդը տեխնիկական տեսակետից ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերին հակասող գործողություն, որոնց արդյունքում ստեղծել է վթարային իրադրություն: Իսկ վթարային իրադրություն ստեղծելու առումով ԲՄՎ մեքենայի վարորդի կողմից թույլ տրված գործողությունները հակասել են ՃԵԿ-ի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջները»:
ՃԵԿ-ի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջների մասին էր մինչ դադար տալը, ծագեց վեճ մեղադրողի եւ պաշտպանի միջեւ:
Ռ.Բալոյանի առարկությունները կներկայացնենք քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ