Հարգելի խորհրդարան,
Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում: Իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ:
Հարգելի գործընկերներ,
Հայոց խորհրդարանում երեկ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: Մեր համոզմամբ՝ այդ միությանն անդամակցելը դրական է եւ բխում է մեր պետության շահերից:
Կարդացեք նաև
Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ:
Հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների որոշումը անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր պետական շահերից եւ արվել է ճիշտ ժամանակին:
Հարգելի խորհրդարան,
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: Համոզված եմ, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը:
Շնորհակալություն ուշադրության համար:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին