Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ. «Լավաշը մարդկության ամենամեծ նվաճումներից մեկն է»

Դեկտեմբեր 02,2014 16:36

«Մենք տեր չենք կանգնում մեր ազգային արժեքներին, այս դեպքում՝ խոհանոցին»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ադրբեջանական կողմի պահանջին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը չճանաչի հայկական մշակութային արժեք, հայտարարեց բանաստեղծ-հաղորդավարուհի Սոնյա Թաշչյանը:

Նա նշեց, որ իրեն անհանգստացնում է հայ ժողովրդի անտարբերությունը իր մշակութային արժեքների նկատմամբ, եւ հույս հայտնեց, որ այս դեպքը ահազանգ կհանդիսանա, որպեսզի հայ ժողովուրդը ավելի ուշադիր լինի դրանց նկատմամբ: Տիկին Թաշչյանը նկատեց, որ հայկական ռեստորաններում չեն մատուցվում հայկական ավանդական խոհանոցի գոհարները. «Մենք հիմա կարող ենք ռեստորան կամ սուպերմարկետ մտնել, ասեն «իշլի քյուֆթա», հիմա կարո՞ղ ես ապացուցել, որ դա կոլոլակ է, եւ դա մերն է: Բծախնդիր աշխատանք է պետք կատարել, որպեսզի այդ բոլորը վեր հանենք եւ մեր մեջ մտցնենք այդ մշակույթն ու այդ բառերը եւ նոր գողությունների առիթ չտանք»:

Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի խոսքերով էլ՝  միայն լավաշը չէ, հայ ժողովուրդը ցանկանում է նաեւ իր շատ այլ մշակութային արժեքները ներկայացնել օտարներին: Նա նշեց, որ  այսօր Հայաստանում քչերը գիտեն, թե ինչպես է լավաշը պատրաստվում, լավաշ թխողների թիվն էլ գնալով պակասում է, իսկ օտարների համար ցանկացած խմորից պատրաստված տափակ հաց լավաշ է. «Լավաշը մարդկության ամենամեծ նվաճումներից մեկն է: Լավաշ թխելիս ոչինչ չի կորչում, լավաշը ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում կարող է թխվել, լավաշները թափոններ չունեն, օգտագործվում է հարյուր տոկոսով: Եվ ընդհանրապես լավաշը շատ հարմար է օգտագործել տնտեսության մեջ ե՛ւ նստակյաց վիճակում, ե՛ւ ճանապարհորդելիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031