«Չգիտեմ` ի՞նչ գիշերվա մասին եք խոսում, բայց կարող եմ հստակ ասել, որ մեկ գիշերվա մեջ երբևէ լուրջ որոշում չի կայացվել»,-ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե Պրահայում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը` «մեկ գիշերում չէի կարող բոլորիդ կարծիքը հարցնել» ասելով՝ ի՞նչ գիշեր նկատի ուներ, այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նա վստահեցրեց, թե ԵՏՄ անդամակցության բանակցությունները տևել են տարիներ, որոնց ինքն անձամբ մասնակցել է:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` մտածե՞լ եք այն մասին, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ: Պարոն Փաշինյանը նշեց, թե հիմա Կարայանը կարդարանա, թե «Կարող ենք վետո դնել» ու մեկնաբանեց. «Վետո դնող լինեինք, մեկ գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի»:
Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, թե ԵՏՄ անդամակցության գործընթացների պատճառով այժմ Երևանում 460 դրամով նույնիսկ դժվար է դոլար գտնել, պարոն Կարայանն արձագանքեց. «ՀՀ-ում փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականություն է վարվում և դա կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ»:
Պարոն Փաշինյանը մտահոգվեց, թե «հիմա ի՞նչ, կանայք տրայնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են սկսելու օգտագործել», կամ «ղազախական կահո՞ւյք ենք» սկսելու օգտագործել: Հերմինե Նաղդալյանը միջամտեց, թե «Красная Москва»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ