Կառավարությունը «Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան դուստր ընկերությանը` «Գեոթիմ» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն է տվել. ընկերությունը իրավունք է ստանում իրականացնել Ամուլսարի ծրագիրը տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Այսինքն` Ամուլսարի հանքը շահագործվելու է բաց եղանակով, կառուցվելու է ցիանային ֆաբրիկա:
Բնապահպանները պնդում են, որ եզրակացությունը մի շարք խախտումներով է տրվել: Այսօր «Էկոլուր» ակումբում «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը վստահեցրեց, որ ՀՀ օրենսդրությունը դիտավորյալ փոփոխել են, որպեսզի համապատասխանեցնեն Ամուլսարի ծրագրին եւ տեխնիկական պայմանները դիտավորյալ այնպիսին են ընտրել, որ ընկերությունը հեշտությամբ իրականացնի. «Մենք ունեինք օրենք, որն արգելում էր այն վայրերում, որտեղ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ կային, հանքարդյունաբերություն իրականացվեր: Կառավարությունը որոշակի լրացումներ է կատարել եւ սահմանել, որ ընդերքօգտագործման գոտուց այդ բուսատեսակները կարելի է տեղափոխել բուսաբանական այգիներ եւ այլ տարածքներ: Բայց խնդիրն այն է, որ կարեւորը տարածքն է, եւ նրա միկրոկլիման, որտեղ աճում է այդ բուսատեսակը»:
Արթուր Գրիգորյանի հավաստմամբ` Ամուլսարի հանքավայրի շահագործման աշխատանքները կատարվում են կառավարության եւ դրսի ուժերի ամենաբարձր հովանավորությամբ. «Նախագահի, միգուցե` նրա եղբոր հովանավորչությամբ է այդ հանքի շահագործումն իրականացվում: Տարիներ շարունակ, անընդհատ, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Մեծ Բրիտանիայի դեսպանի եւ նրա կնոջ կողմից, ֆինանսական ճնշումներ են եղել Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրասիական բանկի կողմից. նրանք նախկին կառավարությանը մեղադրում էին, թե ինչո՞ւ է ձգձգվում Ամուլսարի հանքի շահագործումը: Սա անմիջական կոռուպցիոն գործարք է կառավարության եւ միջազգային ինստիտուտների միջամտությամբ»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Գրիգորյանի խոսքերով` Ամուլսարի ծրագիրը կեղտոտ ծրագիր է, որովհետեւ հանքը գտնվում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում, այսինքն՝ Սեւանա լճի վրա անմիջական ազդեցություն է ունենալու եւ Սեւանա լճի փորձագիտական բացասական եզրակացություն կա, իսկ Ամուլսարի նոր նախագծում չկա որեւէ տող, թե ինչպիսի ազդեցություն է թողնելու:
Մանրամասն` տեսանյութում
Ասուլիսի մեկ այլ մասնակից «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լեւոն Գալստյանն էլ անդրադառնալով փորձագիտական եզրակացությանը, նշեց, որ դրանից կարելի է ենթադրել, թե Ամուլսարի ոսկու հանքը շահագործվում է անապատում, մարդ չկա շրջակայքում, բուսականություն գոյություն չունի:
Պարոն Գալստյանի տեղեկացմամբ` տարածքի ամեն մի գետից 5-6 վտակ սկիզբ է առնում հենց Ամուլսարից, իսկ նախագծից այնպիսի տպավորություն է, որ այնտեղ ընդհանրապես ջուր չի առաջանում: Եզրակացության մեջ, ինչպես ասացին բնապահպանները, չկա առողջապահության նախարարությունից որեւէ տվյալ, թե ի՞նչ վտանգներ կան մարդկանց առողջության համար:
Մանրամասն` տեսանյութում
Առաջնային վտանգներից, պարոն Գալստյանը նշեց, որ նախագծում գրված չէ, թե ցիանիդով հանքի շահագործումից առաջացած թափոնների մոտ 100 միլիոն տոննա կույտը հետագայում վնասազերծելու համար որքան գումար է պետք գալու. «Այդ թափոնները դարերով մնալու են տարածքում, ոչ ոք չի գնահատել, ասենք` 50-100 տարի հետո այդ թունավոր զանգվածը վնասազերծելու համար ինչքան փող են ծախսելու: Այդ կույտը թաղվելու է մի տեղ, որի հատակի 30 սմ շերտը կավից կամ հողից է լինելու, որն իբր թե պաշտպանելու է, չի ներծծվելու, շրջակա միջավայր չի տարածվելու, բայց հարց եմ տալիս` իսկ այդ շերտը 100 տարի կպահպանվի՞, չի պահպանվի, այն քայքայման ենթակա է»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ