Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

80 երկրներ ԼՂՀ հարցի հետ կապված հայտարարություն են ընդունել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում

Դեկտեմբեր 02,2014 16:01

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ԱԺ Ֆրանկոֆոնիայի ԽՎ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանն ամփոփեց տարին՝ տեղեկացնելով, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում հայտարարություն է ընդունել ԼՂՀ հարցի կարգավորման հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»:

Մարգարիտ Եսայանը վստահեցրեց, որ Ֆրակոֆոնիայի կազնակերպությունում Հայաստանը բավականին ակտիվ է աշխատել, եւ այս հայտարարությունը դրա վկայությունն է: Այդ կազմակերպությանն անդամակցում են 80 երկրներ: Հայտնի է, որ գործում է նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի կազմում մոտ 50-ից ավելի մահմեդական երկրներ են, իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ 80 երկրների կազմում կան նաեւ երկրներ, որոնք մահմեդական այդ կազմակերպության անդամներ են: Փաստորեն, իսլամական երկրները նույնպես միացել են ԼՂՀ հարցի հետ կապված այդ բանաձեւին, ինչը հայկական կողմը խիստ կարեւորում է:

Ավելին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ Հայաստանն բավականին սերտ համագործակցություն է սկսել, եւ 2015-ին հենց Երեւանում պետք է անցկացվի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտգործնախարարների հերթական խորհուրդը: Մարգարիտ Եսայանի գնահատմամբ՝ «Այդպիսի բան անկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ տեղի չի ունեցել: Այդպիսի մեծաքանակ կազմակերպություն, որն իր նիստն անի Երեւանում, վերջին 20-25 տարում նման բան չի եղել: Սա ես համարում եմ ՀՀ արտգործնախարարության շատ մեծ ձեռքբերումը: Հիշեցնեմ, որ Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստին, ես պայմանավորվածություն ձեռք բերեցի, որ մարտին Երեւանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը: Շուրջ 40 երկրների պատվիրակությունների ղեկավարներ մեր հրավերով գալու են Երեւան: Դա եւս շատ կարեւոր էր, որ հենց 2015-ին լինի, որովհետեւ մենք Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներ ունենք, մեր եվրոպացի գործընկերները ներկա կլինեն այդ միջոցառումներին»:

Ամփոփելով տարին՝ Մարգարիտ Եսայանն այն կարեւորեց նրանով, որ Հայաստանի խորհրդարանը դարձավ Ֆրանկոֆոնիայի ԽՎ լիարժեք  անդամ:

Ուշագրավ է, որ Ադրբեջանն իսլամական համագործակցության անդամ է, բայց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ չէ:

Հարցին՝ ի՞նչ կարող է տալ մեզ Ֆրանկոֆոնիան՝ Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը շատ մեծ ազդեցություն ունի աշխարհում. «Ֆրակոֆոն աշխարհը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ֆրանկոֆոնիան շատ ավելի հզոր կառույց կարող է լինել մեր խնդիրների հետապնդման համար: Դա մի հսկայական կառույց է, որտեղ ընդգրկված են աշխարհի 80 երկրների արտգործնախարարներ: Մեզ համար կարեւոր ամբիոն է այնտեղ, մենք կարող ենք մեր խնդիրները ներկայացնել , համատեղ հայտարարություններ ընդունել ե՛ւ ԼՂՀ-ի խնդրի հետ կապված, ե՛ւ ցեղասպանության ճանաչման հետ կապված, ինչը մենք փորձում ենք անել»:

Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ չէ, հնարավո՞ր է ավելի հասցեական հայտարարություններ ընդունվեն այդ կառույցում, որտեղ դատապարտվի Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործելակերպը, եւ արդյոք Ադրբեջանը քայլեր անո՞ւմ է՝ անդամակցելու այդ կառույցին, Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ իսկապես Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում մենք ունենք բացարձակ յուրայիններ. «Ադրբեջանն առայժմ նման մղումներ չունի անդամակցելու, բայց հաստատ ունենալու է ինչ-որ պահի: Դրա համար կա ֆրանսախոսության խնդիրը, եւ եվրոպական արժեհամակարգին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որոնց քննությունը Հայաստանն անցել է: Ես շատ լուրջ կասկածներ ունեմ՝ արդյոք Ադրբեջանը կկարողանա՞ այդ քննությունը հանձնել: Դեռ շատ ճանապարհ ունի, եւ ես վստահ եմ, որ նա այդ ճանապարհը չի կարող անցնել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շատ մեծ տարբերություններ կան՝ համամարդկային արժեհամակարգի հետ կապված: Եթե Հայաստանն այսօր լիարժեք անդամ է, Ադրբեջանը շատ հեռու է գտնվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031