Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ռեւերանսներ գործելու համար պատրաստ են Հայաստանը տանել կործանման»

Դեկտեմբեր 02,2014 15:18
Ararat Zurabyan

«Մենք՝ որպես ազատական ուժ, չենք ընդունում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց, որ կուսակցությունը բացասական է գնահատում այդ գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը անդամակցում է մի միության, որը դեռ չստեղծված լուրջ խնդիրներ ունի. «Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, այսօր Ռուսաստանի տնտեսությունը օր օրի թուլանում է եւ բացառված չէ, որ այն կփլուզվի: Ռուս տնտեսագետները եւ քաղաքական գործիչներն են հայտարարում, որ եթե նավթի գների անկումը շարունակվի, ապա Ռուսաստանին ռեցեսիա է սպասվում: Հիմա Հայաստանը հուժկու քայլերով վազում է դեպի Ռուսաստանի ռեցեսիա: Հավանաբար, հաճույք է պատճառում Հայաստանը անպայման մտցնել այդպիսի ճգնաժամային վիճակի մեջ գտնվող միություն եւ հաճույք ստանալ նրանից, որ մենք բարեկամներ ենք, մենք համատեղ գործելու ենք դարեր շարունակ եւ մեր ծանրությունը իրար հետ պետք է տանենք»:

Պարոն Զուրաբյանն ասաց, որ թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ռեւերանսներ գործելու համար պատրաստ են Հայաստանը տանել կործանման. «Ես սա համարում եմ կործանման սկիզբ: Ցավոք սրտի միշտ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր զարգացման սցենար, իսկ զարգացման այն սցենարի պարագայում, որ առաջիկա Ռուսաստանին է սպասվում, մենք շատ բարդ իրավիճակում ենք հայտնվելու»:

Արարատ Զուրաբյանը նկատեց, որ ԵՏՄ-ում առեւտուրը իրականանալու է հիմնականում ռուբլով, սակայն նա չի տեսնում, որ Հայաստանում ինչ որ մեկը  այդ հարցի շուրջ որեւէ մտահոգություն արտահայտի. «Քանի դեռ Հայաստանում իշխանությունը ձեւավորվելու է այն սցենարով, որով ձեւավորվել է տարիներ շարունակ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը իր շահն է տեսնում, մենք ունենալու ենք այս իրավիճակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031