Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցիալական խնդիրներ լուծող հայկական CityBugs նախագիծը առաջինն է Եվրոպայում

Դեկտեմբեր 02,2014 15:07

Հայաստանի քաղաքներում խնդիրների վերհանման եւ լուծման համար ստեղծված CityBugs նախագիծը Ավստրիայում տեղի ունեցած Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անալիտիկ» կենտրոնում տեղեկացրեց X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն, CityBugs-ի համահիմնադիր Արման Աթոյանը:

Մրցանակաբաշխությունը, որն այս տարի ուներ մոտ 200 մասնակից, նախատեսված է հենց սոցիալական խնդիրներ լուծող ծրագրերի համար: Մրցանակաբաշխությանը ներկայացված էր 7 անվանակարգ: CityBugs նախագիծը այդ 7 անվանակարգերից ներկայացվել է «Future Living» անվանակարգում, որի մրցանակն էլ շահել է:

CityBugs-ը, ներբեռնելով Android եւ IOS օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների մեջ, օգտատերը կարող է իր արձանագրել ցանկացած խնդիր, որը տեղի է ունենում քաղաքում եւ ստանալ դրանց լուծումները: CityBugs նախագիծը համագործակցում է Երեւանի քաղաքապետարանի հետ: 2009 թվականից CityBugs-ի միջոցով գրանցվել է 500 խնդիր, որոնց 25 տոկոսն արդեն լուծվել է: Խնդիրների մեծ մասն արդեն ուղղված են աղբահանությանը, ճանապարհային եւ տրանսպորտի հետ կապված հարցերին:

«Կարեւորը, որ այս ծրագիրն ունենա կիրառում, այսինքն` քաղաքացիները պահանջեն իրենց խնդրի լուծումը քաղաքապետարանից եւ ոչ թե միայն նկարեն եւ գցեն այդ խնդիրը իրենց ֆեյսբուքյան էջ»,-նշեց Արման Աթոյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, որը ներկա էր ասուլիսին կարեւորեց այն, որ նման հաջողություն է գրանցել հենց հայկական ընկերությունը եւ որ նախագիծը կնպաստի հայկական բրենդի տարածմանը. «Մենք պետք է մեր տեսակը դիրքավորենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Կարեւորը նաեւ հենց գաղափարն է, որի միջոցով մենք սոցիալական խնդիր ենք լուծում: Այս նախագիծը հասարակության դաստիարակության գործում մեծ հեռանկարներ ունի»:

Բանախոսները նաեւ անդրադարձան այն հարցին, թե ինչ դերակատարում պետք է ունենա պետությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում. «Պետությունը պետք է ավելի շատ միջոցներ ներդնի, որպեսզի խոսվի ՏՏ ոլորտի մասին: Ես շատ ուրախ կլինեի, որ հեռուստատեսությամբ ավելի շատ խոսվեր ՏՏ ոլորտի մասին»,-կարծում է Արման Աթոյանը: Նա վստահ է, որ ոլորտում երիտասարդների զարգացման ծրագրերը, օրինակ «Թումոն», պետք է բազմապատկվեն:

Հայկ Չոբանյանն էլ վստահ է, որ ՏՏ ոլորտը կարեւոր դեր է խաղում Հայաստանի համար, քանի որ երկրում այլ ոլորտների այլընտրանք չկա, որոնք տնտեսական զարգացման համար կարող են ապագա հանդիսանալ. «Ակնհայտ է, որ պետության դերը այստեղ մեծ պետք է լինի: Չենք կարող ասել, որ բավարարված ենք պետության աջակցությունից: Սակայն հետ գնալով՝ կարող ենք ասել, որ մեծ փոփոխություններ են կատարվել»:

ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի հոսքը, ըստ Հայկ Չոբանյանի, ամենափոքրն է Հայաստանում, համեմատած այլ մասնագիտությունների. «Սակայն դա բավականին լուրջ խնդիր է եւ անգամ դրա առաջ կանգնած են զարգացած եվրոպական երկրները: Այս միգրացիոն հոսքերը միշտ էլ լինելու են»:Ըստ նրա՝ արտագաղթի հոսքը նվազեցնելու նպատակով, առաջինը, պետք է բարձրացնել կրթության որակը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031