Այսօր Երեւանում մեկնարկեց «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում հանրային մասնակցության դերը։
Ինչպես սկզբում տեղեկացրեց ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը՝ ծրագիրն առաջ է քաշում հետեւյալ խնդիրները. «Ամրապնդել տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությունը եւ շահերի ներկայացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կարողությունները։ Նաեւ ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ եւ վստահելի տեղեկատվություն ստանալը»:
Ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանը, «ՀաՄաՏեղ» ծրագիրը ներկայացնելիս, նշեց, որ ներկայումս կենտրոնական իշխանություն եւ տեղական իշխանություն կապը ավելի ամուր է, քան թե տեղական ինքնակառավարման մարմին եւ համայնք կապը. «Այս ծրագրով փորձում ենք կապել երեք հիմնական բաղկացուցիչներն իրար հետ՝ ՏԻՄ-ը եւ համայնքը կապելով կենտրոնական իշխանության հետ»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանն էլ վստահ է, որ եթե այս բոլոր դրույթները գործեն Հայաստանում, ապա դրանք հնարավորություն կտան զարգացնել ժողովրդավարությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. «Պետք է մեր սակավ ռեսուրսներն օգտագործել նման ծրագրերը իրականացնելու համար։ Այս ծրագիրը պետք է ամրապնդի քաղաքացիական հասարակություն, տեղական իշխանություն եւ կենտրոնական իշխանություն եռանկյունային կապը»։
Կարդացեք նաև
«Եթե այս դրույթները իրականանան, ապա կունենանք նոր որակի տեղական ինքնակառավարման համակարգ»,-նշեց Դավիթ Թումանյանը։
Ծրագիրը մեկնարկել է Հայաստանի ֆինանսիստների միավորման, Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի, Երեւանի Մամուլի ակումբի, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի աջակցությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ