Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն բացահայտել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել 94 թվականից. ստորագրել է Տեր-Պետրոսյանը

Դեկտեմբեր 02,2014 14:08

Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ձեռքին մի պայմանագիր կա՝ կնքված Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի միջեւ դեռեւս 1994-ին: Պայմանագիրը կոչվում է Տնտեսական միության ստեղծման մասին: Այդ պայմանագրում խոսք կա Մաքսային միության մասին, ԵՏՄ պայմանագրի բոլոր դրույթների մասին: Ընդ որում, ըստ Արմեն Ռուստամյանի, Հայաստանն այդ պայմանագրով ավելի լուրջ պարտավորություններ է ստանձնել:

«Այդ փաստաթուղթը իմ ձեռքում է, մենք ստորագրել եւ վավերացրել ենք այն՚: Պայմանագրում խոսվում է  համաձայնեցված առեւտրատնտեսական հարաբերությունների մասին, խոսվում է դրամավարկային, ֆինանսական եւ արժույթային հարաբերություններ ստեղծելու մասին, մինչեւ անգամ ռուբլու գոտի ստեղծելու մասին»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց պարոն Ռուստամյանը:

Հարցին՝ այն Ռոբերտ Քոչարյանի օրո՞ք է մոռացության մատնվել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այն գործում է, դա է ամբողջ հարցը: Բա ինչի՞ այդ մասին չեն խոսում: Այդ պայմանագրով Հայաստանը շատ ավելի մեծ պարտավորություններ է ստանձնել, քան այսօր խոսվում է: Այդ պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնել է՝ ռուբլու գոտի ստեղծելու եւ այլն, մոռացել են: Մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքն ինչ է անում, սրա մասին է խոսքը: Մենք ենք ստիպված լինում այս բաները հանել արխիվներից»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք Դուք իմացել այդ պայմանագրի մասին՝ նա պատասխանեց. «Մենք ուսումնասիրում ենք, հետազոտում ենք, պարզապես հայտարարություններ չենք անում, թռուցիկներ չենք բաժանում, զբաղվում ենք մեր գործունեությամբ, որը լուրջ օրենսդրական հետազոտական աշխատանք է ենթադրում»:

Արմեն Ռուստամյանն առաջարկում է համեմատել ԵՏՄ-ի եւ այդ պայմանագրերը եւ տեսնել, թե ինչքան լուրջ պարտավորություններ է Հայաստանն այդ ժամանակ ստանձնել. «Որեւէ բան այստեղ չի ավելացել, դետալներն են միայն փոխվել: Այդ 94-ի պայմանագրով էլ կա ղեկավարների խորհուրդ, գործում է կառավարության նախագահների խորհուրդ, Ուկրաինան դարձել է հետո ասոցացված անդամ»:

Հարցին՝ հնարավո՞ր է այն խզվել է հետագայում եւ չի գործում՝ Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ ոչ. «Պայմանագիրը կնքվել է 10-ամյա ժամկետով եւ նշվել է, որ այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5-ամյա ժամանակահատվածով: 5-5 տարով երկարաձգվել է, հաջորդ երկարաձգումը գալիս է 2018-ին»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, ԵՏՄ-ի պայմանագրով հարաբերությունները մանրամասն են ավելի ներկայացվել, բայց ուղղությունները որոշվել են այն ժամանակից, եւ ամբողջությամբ արձանագրվել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. սա խայտառակություն է․․ՉՉՉՉ արդեն հասկանալի է, թե ինչու էր համարում “անշրջելի” մաքսայինին անդամագրվելու գործընթացը․․ այս խաբեությունը՝ քաղաքացիների թիկունքում գաղտնի պայմանագրերի ստորագրումը, ․․ ուղղակի բառեր չեմ գտնում արտահայտելու զգացմունքներս, ապրումներս․․․ պետք է հրապարակային բացատրություն տրվի այդ փաստաթղթի վերաբերյալ ստորագրողի կողմից․․․․ նաև փաստաթուղթը պետք է անհապաղ հրապարակվի․․․

  2. Գաբրիել says:

    Այդ չափազանց «լուրջ» հետազոտողները ո՞ ւր էին, երբ ՀՀ-ը վերջին 10-15 տարին նպատակային էր հռչակել եւրաինտեգրման ուղին, վերջին 4-5 տարին նպատակաուղղված աշխատում էր ԵՄ հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, եւ այդ ամբողջ ընթացքում որեւէ խահգարող հանգամանք ի հայտ չեկավ, որեւէ բողոքի կամ անհամաձայնության ձայն չլսվեց ո’չ այս «չախկալների», ո’չ էլ մնացյալ «անշրջելի» ռսի քոծերի կողմից:

  3. Maxim says:

    Անկանխատեսելի է ազգի ապագան, այս անառակաբարո, ստրկամիտ ու ստորաքարշ՝ երկրի ղեկավարների գոյությամբ։ Ի՞նչ է մտածում երկրի ժողովուրդը և աշխարհով մեկ սփռված ողջ ազգը։
    Նշանակում է, որ իրոք հազարամյակների առանց պետության ժողովուրդը՝ իրոք իր մեջ ներծծել է շատ և շատ կործանարար բնավորության գծեր, մի խոսքով ասած՝ նենգամտություն։ Կթոթափի մեր ազգը իր վրայից այդ կործանարար բնավորության գիծը, թե՛ պատմության անիվը նորից ետ է պտտվելու։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031