Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ուժեղացումը այսուհետ նույնպես լինելու է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական կետերից մեկը

Դեկտեմբեր 02,2014 14:05

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 28–ին մոսկովյան Պրեզիդենդ-հոթելում տեղի ունեցավ «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումը

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին  «Արդար աշխարհ» ինստիտուտը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ), ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Դրա աշխատանքներին մասնակցեցին ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, գիտնականներ և փորձագետներ, ազգային-մշակութային համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքերով հանդես եկան ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովան և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ով նաև ֆորումում հանդես եկավ ցեղասպանությունների փաստի ճանաչման իրավա-քաղաքական դիտանկյուններին նվիրված զեկուցումով:

«Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը, իբրև միջոցառման համակազմակերպիչ հրապարակեց ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ողջույնի ուղերձը: Նրանում մասնավորապես ասվում է, որ Հայաստանը բոլոր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես է գալիս ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ուժեղացման օգտին և այսուհետ նույնպես նման պայքարը երկրի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական կետերից մեկն է լինելու:

Navoyan-2

Ներկայացնում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի ողջույնի ուղերձը:

«Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում»  միջազգային ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին

Ողջունում եմ «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Հատկանշական է, որ նման հրատապ թեմայով միջազգային ֆորումը միավորել է Ռուսատանի քաղաքական շրջանակների, ազգային համայնքների և տարբեր երկրների գիտնականների ջանքերը:

Հայ ժողովուրդը քսաներորդ դարի սկզբին ապրել է ցեղասպանության ողբերգությունը, որը մեկ ու կես միլիոն անմեղ մարդու կյանք է տարել և հսկայական վնաս է հասցրել հայերի հոգևոր ու նյութական մշակույթին:

Դեռևս 1915 թվականին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Արևմտյան Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության իշխանությունների գործողությունները որակել են իբրև «հանցագործություն մարդկության դեմ»: Այդ գործողությունները ցեղասպանության հանցագործության նկարագրման համար նախատիպ դարձան այդ բառը հայտնագործող Ռաֆայել Լեմկինի համար:

Հայերի ցեղասպանությունը դատապարտված է աշխարհի շատ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Մի շարք երկրներում դրա ժխտումը քրեականացված է: ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դուման հատուկ հայտարարություն է ընդունել «1915-1922 Հայերի ցեղասպանության դատապարտման մասին» (1995 թ. ապրիլ) և «Հայերի ցեղասպանության սկզբի 90–ամյակի առիթով»  (2005թ. ապրիլ): Մենք շնորհակալ ենք Հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած բոլոր երկրներին, քանի որ դատապարտումն ու պատիժը ուրիշ վայրերում այդ հանցագործության ռեցեդիվի կրկնման կանխարգելման ճանապարհին առաջին լուրջ քայլն են համարվում:

Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես է գալիս ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ուժեղացման օգտին: Այսուհետ նույնպես նման պայքարը լինելու է մեր արտաքին քաղաքական օրակարգի հիմնական կետերից մեկը: 2015 թվականին, Հայերի ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում տեղի կունենան այդ թեմային նվիրված մի շարք հեղինակավոր միջազգային գիտական և հասարակական-քաղաքական ֆորումներ:

Ֆորումի մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք:

 

Վիգեն Սարգսյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031