Այսօր՝ դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում կայացած ասուլիսը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի ներառմանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 24-28-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի իններորդ նիստը, որտեղ ներկայացվել է ցանկերի համալրման 46 հայտ, 27 պարբերական զեկույց, 8 անհապաղ պաշտպանության ներկայացված տարր, չորս առաջարկ:
Ինչ վերաբերում է լավաշի հետ կապված ՀՀ հայտին, փոխնախարարի խոսքով. «Վեցից վեց դրական կարծիք է եղել, հինգ չափորոշիչից հինգին համապատասխանել ենք, գերազանցիկի արդյունք էր»:
Նշենք, որ սա Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված արդեն չորրորդ հայտն է, մինչ այդ եղել է դուդուկը, խաչքարի արվեստը, Սասնա ծառեր էպոսի կատարողական դրսեւորումը:
Կարդացեք նաև
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ոգեւորիչ էր Հայաստանի հայտի հանդեպ հետաքրքրությունը, որ ստացվել է հայտի գրանցման պահից՝ աշխարհի տարբեր ԶԼՄ-ների կողմից: «Կարեւոր խնդիր էր դրված մեր պատվիրակության առաջ: Հայտը փայլուն ձեւով է ներկայացվել, ստացվել էին բոլոր փորձագիտական գնահատականները: Մեծ աշխատանք է տարվել ՀՀ դեսպանությունների միջոցով, քանի որ, ինչպես գիտեք , մեր որոշ հարեւաններ ակնկալիք ունեին տապալելու մեր հայտը եւ ազգային զեկույցը, սակայն նրանք ոչ մի արդյունքի չհասան, իսկ մենք 99 տոկոսով հասանք մեր նպատակների իրականացմանը»,- նշեց նա:
Պարոն Կաժոյանը լավաշի հայտի հետ կապված մեր հարեւանների բողոքներն անհեթեթ որակեց. «Որեւէ հարեւանի առարկություն այս առումով անընդունելի է, որովհետեւ այն ինչ մենք ունենք լավաշի հետ կապված, չի կարող ունենալ որեւէ այլ ժողովուրդ: Ընդ որում` մենք շատ շահեկան իրավիճակում էինք, եւ դրանում մեզ օգնեց հարեւանների փաստարկների անհեթեթությունը»:
Կաժոյանի խոսքով, ադրբեջանցիները մեր ազգային զեկույցի հետ կապված էլ են աղմուկ բարձրացրել, նրանք բողոքարկել են, մասնավորապես, Հայաստանի ազգային զեկույցում Ջուղայի եւ Արցախի հիշատակումը:
Նրա խոսքով, միեւնույն ժամանակ որեւէ հայտ կամ տարր, որ գրանցվում է, չի կարող լինել բացառիկ. «Հարթ հացի ավանդույթ կա ողջ աշխարհում՝ ֆիլիպիններից մինչեւ Արգենտինա, ընդ որում՝ բոլորի սկսողները հայեր են եղել, բայց կոնվենցիան չի արգելում, որ որեւէ երկիր ներկայացնի նմանօրինակ հայտ»: Կաժոյանի ասելով, հայտը կոնվենցիայի կողմից հետ կանչելու մեխանիզմ չկա:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը պատմեց, որ 1700 հոգանոց դահլիճում Հայաստանի հայտի ընդունումից հետո հայկական լավաշ է բաժանվել, համտեսել ու համոզվել են, թե ինչքան համեղ է հայկական լավաշը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ