Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի օրակարգն ու ԼՂՀ հարցը. Ինչու է ՆԱՏՕ-ն իրեն հեռու պահում ԼՂՀ հակամարտությանը միջամտելուց

Դեկտեմբեր 02,2014 12:57

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ամփոփեցին նոյեմբերի 21-24-ը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքները:

Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ հայկական կողմը շատ ակտիվ է եղել, առանձին զեկույցների եւ բանաձեւերի վերաբերյալ հայտնել են իրենց դիրքորոշումը: Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Մեր հարցադրումների կապակցությամբ եղել է դրական արձագանք, համաձայնել են վերախմբագրել նախապես պատրաստված տեքստը: Զեկույցներից մեկում կար ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված ոչ ճիշտ ձեւակերպում, մենք կոչ արեցինք օգտագործել այն բառապաշարը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է ընդունված: Մեր առաջարկն ընդունվեց»:

Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունվել են 8 բանաձեւ, եւ առանձին բանաձեւերի հետ կապված հայկական պատվիրակության ուղղումներն ընդունվել են գրեթե ամբողջությամբ: Օրինակ, Կորյուն Նահապետյանն ասաց, որ «ահաբեկչական գործունեության մեջ ներգրաված կազմակերպությունները, որոնք Իրաքի եւ Սիրիայի տարածքում տիրապետում են նավթամթերքին, մենք կոչ արեցինք, որ բոլոր կողմերը ձեռնպահ մնան այդպիսի կազմակերպություններից նավթամթերքի ձեռքբերումից: Մեր առաջարկը ողջունեցին»:

Koryun

Վեհաժողովում քննարկվել է նաեւ ԼՂՀ-ի զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքը, միջազգային հանրության արձագանքը դրան: Ըստ Կորյուն Նահապետյանի, ադրբեջանական ԶԼՄ-ները եւ պատվիրակները, ինչպես միշտ, այս անգամ նույնպես աղավաղել են ինչպես հարցադրումները, այնպես էլ ՆԱՏՕ-ի քարտուղարի պատասխանները: Քարտուղարը նշեց, որ ՆԱՏՕ-ն որեւէ դերակատարում չունի ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում, որ հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում:

Մեր հարցին, թե բացի պաշտոնական հայտարարություններից, ի՞նչ էին քննարկում պատվիրակները կուլիսներում՝ մեր ուղղաթիռի խոցման հետ կապված՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ առանձին պատվիրակների հետ քննարկումներ ունեցել են, բայց շատերի մոտ բավարար տեղեկատվություն չկար, քանի որ այսօր միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է տարաբնույթ խնդիրների վրա՝ ուկրաինական ճգնաժամ, Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները. «Առավելապես իրենք ունեն իրենց օրակարգը»:

Tevan_Pogosyan

Թեւան Պողոսյանի խոսքերով՝ ուկրաինական դեպքերից հետո Եվրոպայում բոլոր միջոցառումներն ուղղվում են ուկրաինական ճգնաժամի քննարկմանը: Նա ասաց, որ վեհաժողովի ժամանակ իրենք արդեն ստացած են եղել տեղեկատվությունը, թե ինչպես են մերոնք հատուկ նշանակության գործողություններ կատարել եւ օդաչուների դիերը բերել: Թեւան Պողոսյանի խոսքերով՝ «Չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն ունի ռազմական բաղադրիչ, եւ ռազմական իմաստով մեր գործողությունը միայն հարգանք է առաջացնում: Շատ կարեւոր էր մեզ համար այդ ոգեշնչումը»:

Հարցին՝ ի՞նչ խնդիր է ՆԱՏՕ-ն հետապնդում այսօր Հարավային Կովկասում, եթե իրեն ամեն անգամ հեռու է պահում Ղարաբաղյան կոնֆլիկտին միջամտելուց, ի՞նչ հարց է լուծում ՆԱՏՕ-ն տարածաշրջանում՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի դեկլարացիայում՝ 31-րդ պարբերությունում կան հարցադրումներ, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին: Կան դրույթներ, որոնք առաջացնում են մեր մտահոգությունը՝ կապված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետ, բայց մենք բազմիցս նշել ենք, որ այդ դեկլարացիայի դրույթները չպետք է մեկուսացված հասկանալ, դրանք փոխկապակցված են մեկը մյուսի հետ: Մեծ հաշվով այնտեղ մեզ համար վնասակար դրույթներ չկան: Մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում լինելու են այլ տարածաշրջաններ, դա, համենայնդեպս, Հարավային Կովկասը չէ: ՆԱՏՕ-ն ԼՂՀ հարցի կարգավորման հետ կապված ունի հստակ իր դիրքորոշումը, ինչն արտահայտվեց գլխավոր քարտուղարի պատասխանի ընթացքում: ՀՀ-ն ունի եզակի կարգավիճակ. Լինելով ՀԱՊԿ անդամ պետություն, շարունակում է խորացնել իր գործընկերային հարաբերություները ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ- հորդորները եւ աջակցությունը գործընկերներին բանաձեւում կան որոշակի դրույթներ, որոնք ուղղակի վերաբերում են Վրաստանին, որը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Հնարավոր են նաեւ նոր զարգացումներ՝ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում»:

Թեւան Պողոսյանի մեկնաբանությամբ՝ ԼՂՀ-ի հարցում ՆԱՏՕ-ն միշտ աջակցելու է Մինսկի խմբին, որտեղ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համանախագահներն են. «Այնտեղ կա թշնամական երկիր մեզ համար՝ Թուրքիան: Դա լավ գիտակցելով՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան թույլ չեն տալու, որ ՆԱՏՕ-ն դերակատարում վերցնի, որովհետեւ դրանից հետո որոշումներ կայացնելը դառնալու է անհնարին, ՆԱՏՕ-ի որոշումները կոնսենսուսով են կայացվում: Դրա համար այն հարցերը, որոնք ներքին կոնֆլիկտ կարող են ունենալ, շահերի բախում կլինի, այդ ինստիտուտը այդ հարցերով չի զբաղվում: Նույն պատճառով ՆԱՏՕ-ն Իրաք չմտավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031