Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրության նպաստի նոր նախագիծը չարաշահումների վերջը կդնի՞ (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 02,2014 12:33

Երեկ ԱԺ-ն ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նոր նախագիծը: Այս նախագծի դեմ դժգոհող կանանց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն առաջարկում է սպասել, մինչեւ մեկ տարի օրենքը գործի եւ, եթե խնդիրներ առաջանան, նոր միայն սկսեն բողոքել: Այսօր «Հենարան» ակումբում տիկին Աճեմյանի հետ բանավեճի հրավիրված «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանն անընդունելի համարեց այդ տեսքով օրենքի կիրառությունը:

Շողեր Բաբայանի համոզմամբ, ընդհանրապես «մեծ սխալ է վերին շեմ սահմանելը»: Նշենք, որ նոր օրինագծով, մայրության նպաստի համար սահմանվեց 1 միլիոն դրամ վերին շեմը: Եթե աշխատողը մեկ միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստանում՝ նպաստի մնացած մասը պետք է վճարի գործատուն: Շողեր Բաբայանը գտնում է, որ եթե վերին շեմ սահմանվի, եկող տարի էլ կարող է այդ շեմը կրկին նվազեցվել:

Կարինե Աճեմյանի կարծիքով, այս նոր նախագիծը «շատ բարենպաստ է» եւ այլեւս ոչ մի խնդրահարույց կետ չունի, որեւէ կնոջ իրավունք չի խախտվում, բացի այդ, չարաշահումների առիթ չի տա ոչ մասնավոր ոչ էլ պետական հատվածում:

Շողեր Բաբայանի հաշվարկները ցույց են տվել, որ մասնավոր գործատուներին այնքան էլ ձեռք չի տալիս հանցավոր համաձայնության գալ հղի կանանց հետ, քանի որ նպաստի գումարները այդքան էլ շատ չեն ստացվում եւ որ խնդիրը պետական սեկտորում է:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ երբ օրենքն առաջին անգամ քննարկվել է իրենց կուսակցությունում առաջին դեմ-ն ինքն է եղել, սակայն լրամշակված տարբերակն, այս ոլորտում, «չարաշահումների վերջը կդնի»: Նրա խոսքերով. «Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, եւ այն չարաշահումների մասին բոլորս գիտենք, դրանք ոչ չինովնիկներ են եղել, ոչ` կուսակցականներ, այլ մասնավոր ընկերություններ են»:

Տիկին Աճեմյանը գտնում է, որ, եթե աշխատողն, իսկապես թանկ է իր գործատուի համար, ապա նա այդ մնացած գումարները կվճարի:

Շողեր Բաբայանը համաձայն չէ, որ մասնավոր հատվածում է խնդիրը, քանի որ տնտեսվարողն ինքն է բարձր հարկեր վճարում, իսկ պետական ապարատի չինովնիկը կարող է գնալ նման հանցավոր համաձայնության, քանի որ այդ հարկերը ոչ թե նրա գրպանից, այլ` պետության գրպանից է գնում: Ըստ նրա, փոփոխված նոր օրենքի համար հանրային քննարկում տեղի չի ունեցել եւ նոր նախագիծը շատ արագ վավերացվել է:

Շողեր Բաբայանը գտնում է, որ աշխատողի` ժամանակավոր անաշխատունակության` «բյուլետենի» օրերի կրճատումը, նույնպես, օրենքի խնդրահարույց կետերից է:

Կարինե Աճեմյանն էլ համոզված է, որ աշխատողն իր հիվանդությունը, որպես առիթ չի օգտագործի եւ տանը նստի, այլ ավելի շուտ կներկայանա աշխատանքի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031