Հարցազրույց ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ փոխարժեքը նորից իջեցվի ու գա հին մակարդակին։
– Այդտեղ մի շարք գործոններ են ազդելու՝ տրանսֆերտները, արդյոք կառավարությունը նոր միջոցներ կներգրավի՞, թե՞ ոչ։ Եվ հետո, արդեն պարտքի 50%-անոց շեմին բավականին մոտ ենք։ Շեմի վրա ազդում է նաև փոխարժեքի աճը։ Այսինքն, եթե փոխարժեքը փոխվում է, դրամային արտահայտությամբ այդ պարտքն ավելի մեծ է դառնում, ու, քանի որ ՀՀ ՀՆԱ-ն էլ դրամով է արտահայտված, ապա ՀՆԱ-ում պարտքի տեսակարար կշիռն ավելի կմեծանա։ Այսինքն, մի շարք գործոններ են ազդելու դրա վրա, այդ թվում՝ թե ինչքան դոլար կմտնի երկիր։ Կանխատեսվում է, որ դոլարի հոսքը պակասելու է, մասնավորապես, տրանսֆերտները նվազում են, նաև մետաղների, պղնձի շուկաներում գների անկում է լինելու։ Դա նշանակում է, որ դոլար ավելի քիչ կգա, քան սպասվում էր կամ եկել էր նախորդ տարի։ Մյուս կողմից, վճարումները մնալու են նույն մակարդակի վրա, ինչքան որ կառավարությունը պարտավորություններ ուներ։
Արտաքին պարտքի գծով՝ թե՛ տոկոսների, թե՛ պարտքի մարման հետ կապված, դոլարի արտահոսքը մի քիչ կարող է նվազել, եթե ներմուծումը կրճատվի։ Կանխատեսվում է, որ 2015-ին տնտեսական ակտիվությունը բարձր չի լինելու, և կարող է ներմուծումը կրճատվել։ Դրանով պայմանավորված՝ դոլարի արտահոսքը կնվազի, բայց այդ գործոնների ազդեցությամբ դժվար թե փոխարժեքն իջնի, հատկապես, երբ այդ հաղորդագրություններն անընդհատ կան, որ ԿԲ պահուստները նվազում են, այսինքն՝ ավելի քիչ միջոց կա դրամն ինչ-որ մակարդակի պահելու համար։
– Փոխարժեքի տատանումը հարկերի վրա ինչպե՞ս կազդի, կավելանա՞ն հարկերը։
– Հարկերի ավելացում, իհարկե, կլինի։
– Եվ այդ ավելացումը գնալու է բյուջե և ոչ թե՝ ԿԲ։
– Այո, ամբողջը բյուջե է գնալու։ Իհարկե, փոխարժեքի բարձրացումը հարաբերականորեն մի քանի դրական ազդեցություն կունենա, մասնավորապես՝ տրանսֆերտները դրամային արտահայտությամբ ավելի շատ կլինեն, որոշակի դրական ազդեցություն կլինի հարկերի վրա, և այլն։
Բայց կլինեն նաև բացասականները, դժվար է ասել, թե որն ավելի մեծ կլինի։ Ես չեմ կարծում, որ փոխարժեքը կվերադառնա հին մակարդակին, գուցե կարճաժամկետ նվազում լինի, բայց երկարաժամկետ՝ ոչ:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում