ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում խուսափում է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց։
Անցած հինգշաբթի կառավարության նիստից հետո դեպի իր ծառայողական մեքենան շտապող Ջավադյանին ընդամենը երկու հարց հասցրեցինք ուղղել.
– Պարոն Ջավադյան, ինչո՞ւ ծախսեցիք 92 միլիոն դոլար։
– Մենք 92 միլիոն դոլար չենք ծախել, դա սխալ տեղեկություն է։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ ավելի քի՞չ եք ծախսել։
– Այո…
Վերջին բառը պարոն Ջավադյանը կիսաձայն արտաբերեց՝ արդեն իր մեքենայի բաց դռան ետեւից, ու անմիջապես փակեց այն։
Ինչի՞ մասին էր այս զրույցը։ Մի քանի շաբաթների ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը փորձում էր թույլ չտալ դրամի արժեզրկումը եւ այդ նպատակով հսկայածավալ արտարժութային ներարկումներ՝ ինտերվենցիաներ էր իրականացնում ֆինանսական շուկա։ ԿԲ– ի իրականացրած ինտերվենցիաների մասին շաբաթական տեղեկատվությունը հրապարակվում է միայն տվյալ շաբաթվան հաջորդող երկուշաբթի օրը։ Իսկ մինչ այդ, տեղեկատվությունը գաղտնի է պահվում։ Մեր հաշվարկներով, նոյեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն շուկա էր նետել 92 մլն դոլար։ Հենց այդ 92 միլիոնի մասին էինք հարցնում ԿԲ նախագահին։ Այդ օրը դեռ չէր հրապարակվել անցած շաբաթ ԿԲ իրականացրած ինտերվենցիաների մասին տեղեկանքը, եւ Ջավադյանի պնդումը, թե «դա սխալ տեղեկություն է», մի տեսակ մեղքի զգացողություն առաջացրեց՝ մի՞թե անմեղ տեղը մեղադրել ենք ԿԲ-ին։ Երեկ, սակայն, հրապարակվեց անցած շաբաթվա ինտերվենցիաների մասին տեղեկանքը եւ պարզվեց, որ ԿԲ-ի՝ 92 մլն դոլար ծախելու մասին տեղեկությունը իրոք «սխալ տեղեկություն է»։ Իրականում ԿԲ-ն ծախել է ոչ թե 92 մլն այլ 93 մլն 840 հազար դոլար:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում